Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի մասնակցությամբ հոկտեմբերի 21-ին մեկնարկել է Արդարադատության նախարարության և ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից համատեղ և վերջինիս ֆինանսավորմամբ կազմակերպված Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի հանրային քառօրյա քննարկումը:
«Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ընդունման համատեքստում փոխնախարարը կարևորել է քրեական արդարադատության օրենսդրական բարեփոխումների շղթայի ամբողջացումը նաև Քրեակատարողական նոր օրենսգրքի ընդունմամբ և ընդգծել է ԱՄՆ դեսպանատան հետ համագործակցության կարևորությունն այդ գործընթացն էականորեն արագ և որակով իրագործելու տեսանկյունից: Նա վստահություն է հայտնել նաև, որ թե՛ պետական և թե՛ մասնավոր հատվածի գործընկերների հետ մասնագիտական քննարկումները ևս կնպաստեն Օրենքի նախագծի կատարելագործմանն ու դրա արդյունքում առավել բարելավված Քրեակատարողական օրենսդրություն ունենալուն»,- նշված է ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
ԹՊԻՀ գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին համոզմունք է հայտնել, որ իրավունքի գերակայության ամրապնդումը ժողովրդավարական ցանկացած կառավարության հիմնարար սկզբունքներից է և էական բաղադրիչ է հանդիսանում տնտեսական աճի ու պետության բարգավաճման համար: Հաշվի առնելով վերոնշյալը՝ Հաֆթվանին ընդգծել է, որ ԱՄՆ կառավարությունը շարունակելու է խթանել իրավունքի գերակայությունը, աջակցել քրեական արդարադատության համակարգերի ամրապնդմանը, ինչպես նաև՝ նպաստել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ապահովմանը:
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Քրեակատարողական օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի ղեկավար Հարություն Խաչիկյանը և Արդարադատության նախարարության Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ, Քրեակատարողական օրենսգրքի աշխատանքային խմբի անդամ Արփինե Սարգսյանը ներկայացրել են Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները, որին էլ հաջորդել է քննարկումը մասնակիցների միջև: