
Վրաստանի համար դժվար կլինի մասնակցել «3+3» ձևաչափով Ռուսաստանի հետ, սակայն Հանրապետությունն այսպես թե այնպես պետք է ներկայացված լինի աշխարհաքաղաքական խոշոր նախագծերում։ Այս մասին հոկտեմբերի 8-ին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»։
Այսպիսով՝ Զալկալիանին մեկնաբանել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած գաղափարը բանակցային նոր ձևաչափի ստեղծման մասին, որի մեջ կմտնեն Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան և Անդրկովկասի երկրները՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը:
«Անշուշտ, երբ մենք ոչ մի գործընթաց չենք տեսնում դեօկուպացիայի ուղղությամբ, շատ դժվար է մասնակցել նման ձևաչափով և խոսել ինչ-որ ենթակառուցվածքային նախագծերի մասին»,- ասել է Զալկալիանին:
Սակայն Թբիլիսին պետք է «հետ չմնա այն գործընթացներից, որոնք զարգանում են տարածաշրջանում» և մասնակցի ենթակառուցվածքային նախագծերին, հավելել է նա:
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իրանցի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի հետ «3+3» բանակցային ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը: