ԲԹԿ- ի շահագործման երկարատև փորձարկման ռեժիմը

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի հատվածը դեռ կառուցման փուլում է: Հաղորդակցման համակարգերի, էլեկտրամատակարարման, ենթակառուցվածքային օբյեկտների և շատ այլնի շինարարությունը դեռևս ավարտված չէ:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 30-ին: Անցել է չորս տարի, բայց մինչ այժմ երկաթգիծն աշխատում է փորձնական ռեժիմով և վնասով:

«Այսօր երկաթուղին աշխատում է փորձնական ռեժիմում, դրանով ամեն ինչ պայմանավորված է, բայց աստիճանաբար մտցվում են շահագործման հետ կապված հարմարություններ, նկատի ունեմ անիվների փոխման կայանը: Բայց բանն այն է, որ ԲԹԿ- ն դեռ չի հայտարարել, թե երբ կավարտվեն աշխատանքները, այդպես չի կարելի, որ հինգ տարի այն աշխատի փորձնական ռեժիմով: Այս հարցը պետք է լուծվի, մենք պետք է հստակ տեղեկացված լինենք, թե երբ կավարտվի երկաթգծի շինարարությունը», – ասում է Վրաստանի տրանսպորտային միջանցքի հետազոտական կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին:

Երկաթուղով տրանսպորտային փոխադրումները դեռ իրականացվում են ընդհանուր ներուժի 15% -ի չափով: Ըստ փորձագետի, ԲԹԿ -ի բեռնափոխադրումները աստիճանաբար ավելանում են:

«Տարեկան թողունակությունը կազմում է 300-ից 350 հազար տոննա: Եթե հաշվի առնենք, որ տարեկան անցնում է 2 մլն տոննա, ապա դա մոտ 15% է: Բայց եթե համեմատենք 2016-2018 թվականների հետ, ապա դա 4% էր: Հեռանկար կա, դանդաղ ավելացնում ենք բեռնափոխադրումները, բայց ասել, որ թողունակությունն օգտագործվում է մինչև 60-70%, դեռ ոչ: Եթե դա լինի 50-60%, ապա արդեն հնարավոր կլինի ասել, որ նախագիծը տնտեսապես իրեն արդարացրել է: Այս նախագիծը դեռևս վնասով է աշխատում: Առաջիկա 7-10 տարիների ընթացքում այս երկաթուղին պետք է շահագործվի ամբողջապես: Եթե այս նախագծի վրա քաղաքական ազդեցություն չլինի, Ռուսաստանի զավթողագործությունը կամ ավելի ավերիչ աշխարհաքաղաքական գործընթացներ չլինեն, կարծում եմ, որ 10 տարի հետո այն պետք է հասնի փոխադրումների առավելագույնին », – ասում է Պաատա Ցագարեիշվիլին:

Բեռնատար գնացքն «Ախալքալաքի» կայարանում: Սեպտեմբերի 29, 2021 թվական

Սամվել Հովհաննիսյանն այն սակավաթիվ տեղացիներից է, ով աշխատում է ԲԹԿ- ում: Սամվելը կռունկավար է «GR Logistics & amp; Terminals» ընկերությունում, որը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղում, ինչպես նաև ամբողջ Վրաստանում զբաղվում է բեռնափոխադրումներով: Սամվելն արդեն 3 տարի է աշխատում է ԲԹԿ- ում: Նրա խոսքով, շինարարության ավարտի համար անհրաժեշտ է առնվազն 3 տարի:

«Դեռ շատ բան պետք է կառուցել, ինչպես հենց կայարանում, և տարբեր շենքեր, հյուրանոցներ, վարչական շենքեր: Կարծում եմ, որ դա ավարտելու համար կպահանջվի առնվազն երեք տարի»:

Ըստ Սամվել Հովհաննիսյանի, բեռնափոխադրման աշխատանքներում աշխատում է երկու ամբարձիչ կռունկ: Նրանք ամեն օր տեղափոխում են բեռնարկղեր: Նրա խոսքով, Ռուսաստանից երկաթ է տեղափոխվում դեպի Թուրքիա, իսկ Թուրքիայից տարատեսակ ապրանքներով բեռնարկղերը ԲԹԿ -ով փոխադրվում են Եվրոպա և Չինաստան:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանն առաջին բեռնարկղային բեռն ընդունել է 2017 թվականի նոյեմբերի 2-ին: Հացահատիկի բեռնարկղերը ժամանել էին Ղազախստանից:

ԲԹԿ-ի Ախալքալաքի կայանը կարևոր է նրանով, որ այն պետք է ռելսերը եվրոպական չափանիշի նեղ երկաթուղագծից փոխարիներ լայն երկաթուղագծի և հակառակը: Բայց մինչ այժմ ռելսերի փոփոխություն չի իրականացվում: Բեռնարկղային գնացքները անցնում են ԲԹԿ – ով, և բեռնարկղերը ամբարձիչով բեռնվում են այլ բեռնատարների վրա:

Ակնկալիքները Ջավախքում

Կենտրոնական իշխանությունները շինարարությունից առաջ, իսկ նրանց հետևից էլ տեղական իշխանությունները միաբերան պնդում էին, որ այդ երկաթուղին քաղաքական և տնտեսական մեծ նշանակություն կունենա ընդհանրապես Վրաստանի և հատկապես Ջավախքի համար: Ախալքալաքի տեղական իշխանությունները հույս ունեին, որ տեղական բյուջեն լրացուցիչ միջոցներ կստանա և դրանք կբաշխվեն ենթակառուցվածքների զարգացման համար:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահի խոսքով, շինարարության սկզբում խոստացել էին Ջավախքում ստեղծել ազատ առևտրի գոտի:

«Նրանք նկատի ունեին, որ երբ ապրանքը հասներ այստեղ, ամեն ինչ կհավաքեն մեկ տեղում, կստեղծեն շուկա, որտեղ ապրանքները կմտնեն առանց մաքսազերծման: Նրանք մտածում էին, որ ողջ Կովկասն ապրանքները կգներ այստեղից, իսկ մաքսազերծումը կաներ արդեն գնորդը: Սա կնպաստեր նրան, որ այստեղ էժանություն կլիներ: Վրաստանը և մասնավորապես Ջավախքը կստանար մեծ եկամուտ: Բայց այդպիսի շրջանառություններ և տոկոսներ, որոնք նրանք խոստացել էին, չկան, խոստացվածի 0.1% -ը նույնիսկ չկա », – ասում է Նաիրի Իրիցյանը:

Ախալքալաքի բյուջեն անցյալ տարի որպես հարկային եկամուտ, մունիցիպալիտետի ԲԹԿ երկաթգծի և հիդրոէլեկտրակայաններից, տարածքի օգտագործման համար ստացել է 6 100 000 լարի: Ամեն տարի այդ եկամուտը կազմում է մոտավորապես 6 միլիոն լարի, սակայն, որքանն է ԲԹԿ- ի կոնկրետ մասը, քաղաքապետարանի ֆինանսական բաժինը չի կարող ասել, պարզաբանելով, որ գումարը ստանում են կենտրոնից, որպես ընդհանուր գույքահարկ:

Նոր աշխատատեղեր, բայց ոչ տեղացիների համար

Տնտեսական զարգացումից բացի նախագիծն ի սկզբանե նախատեսում էր աշխատատեղերի ստեղծում:

«Ես հիշում եմ, որ այն ժամանակ նախարարությունից մեզ մոտ 8 հոգի եկան, նրանք ասացին, որ երկաթգիծը ձեր ապագան է, աշխատողների 80% -ը պետք է լինեն տեղացիները, պայմանագիրը կազմված էր տոկոսային հարաբերակցությամբ: Մենք հանդիպում կազմակերպեցինք դպրոցների ավարտական դասարանների աշակերտների հետ, որպեսզի նրանք գնան երկաթգծի ուղղությամբ սովորելու », – ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը:

2008 թ.-ին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման աշխատանքներին մասնակցելու համար դիմել էր մոտ 2000 մարդ: Շատերն էին ուզում այստեղ աշխատանք գտնել, հույս ունենալով, որ այլևս արտագնա աշխատանքի մեկնելու կարիք չի լինի, սակայն շինարարությունում Ջավախքից շատ քչերն աշխատանքի անցան: Տեղացիներից, այսինքն՝ Վրաստանի քաղաքացիներից, ընկերությունն աշխատողների վարձում էր հիմնականում Մառնեուլից: Հարցին, թե ինչու ջավախքցիներին չեք ընդունում, «Azerinsaatservice» ընկերությունը, որը պատասխանատու էր շինարարության համար, սկզբում ասում էր, որ նրանք չգիտեն, ինչպես աշխատել իրենց տեխնիկայով:

Միայն 2019 թվականին Ջավախքի երիտասարդությունը հնարավորություն ունեցավ ուսանել երկաթգծի մասնագիտությամբ՝ Թբիլիսիի նորաբաց Երկաթուղային և տրանսպորտային քոլեջում: 2019 թվականի հունիսին Ախալքալաքում տեղի ունեցավ այս քոլեջի կրթական ծրագրի շնորհանդեսը:

Այս պահին Ախալքալաքի մունիցիպալիտետից Թբիլիսիի երկաթուղային քոլեջում սովորում է 5 հոգի, Նինոծմինդայի մունիցիպալիտետից ուսանողներ չկան: Քոլեջում սովորելը տևում է 20 ամիս: Ախալքալաքցի երիտասարդները սովորում են «Երկաթուղիների կառուցում» ծրագրում:

«Այս տարի ընդունվել են երկու հոգի, իսկ երեքը այս տարի կավարտեն: Մենք նրանց համար աշխատանք կգտնենք, նրանք երկաթգծում ստաժավորում են անցնում և կարող են աշխատել այնտեղ», – ասացին Թբիլիսիի երկաթուղային քոլեջի տնօրինությունից:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում