Եգիպտոսի իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը միավորվելու կոչ է անում պաղեստինյան Ֆաթհին և Համասին: Այս մասին տեղեկանում ենք «Մուսուլման եղբայրներ»-ի պաշտոնական` www.ikhwanweb.com կայքէջից, որտեղ, մասնավորապես, կոչ է արվում Ֆաթհի և Համասի ղեկավարությանը մի կողմ դնել տարաձայնությունները և միավորվել հանուն իրենց երկրի:
Միաժամանակ նշվում է, որ իսլամիստները ողջունում են այս տարի ապրիլին Եգիպտոսում պաղեստինյան այս երկու կազմակերպությունների միջև ձեռք բերված համաձայնությունը:
Արևմտյան ափի իշխանությունները, որոնք ներկայացնում են Ֆաթհ կուսակցությունը, Պաղեստինի Գազայի հատվածի իշխանությունների` Համասի հետ երկար տարիներ ունեցել են լարված հարաբերություններ, քանի որ չեն կարողացել մշակել Իսրայելի հետ հարաբերությունների ընդհանուր մարտավարություն:
Սակայն այս տարի ապրիլի 27-ին նրանց միջև սկսվեց հաշտություն հաստատելու գործընթացը, ինչը Իսրայելում ոչ այդքան բարյացակամ ընդունվեց:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեղական հեռուստատեսությամբ իր ելույթում մասնավորապես հայտարարեց, որ Պաղեստինի ինքնավարությունը պետք է ընտրի՝ հաշտվել կա՛մ Իսրայելի, կա՛մ Համասի հետ:










































