ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ Աֆղանստանի իրադարձություններին արձագանքելու նոր մեխանիզմներ են մշակվելու:
Նա ասել է, որ այս հարցը հիմնականներից մեկն էր Աստանայում օգոստոսի 12-13-ն անցկացված ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովում: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Գաղտնիք չէ, որ Կենտրոնական Ասիայում վերջին ժամանակներս ակտիվացել են ծայրահեղական խմբավորումները: Նրանց գործունեության ակտիվացման վրա ազդում է առաջին հերթին Աֆղանստանում տիրող անկայուն իրավիճակը»,- հայտարարել է Բորդյուժան` ավելացնելով, որ հենց Աֆղանստանից բազմաթիվ ծայրահեղական խմբավորումներ ստանում են ինչպես ֆինանսական, այնպես էլ գաղափարական աջակցություն:
Բորդյուժան հայտարարել է նաև, որ ՀԱՊԿ-ի մոտ կան ԱՊՀ երկրների քաղաքացիների ցուցակներ, ովքեր պատրաստություն են անցել նման խմբավորումների աջակցությամբ, այնուհետև տեղափոխվել իրենց երկրներ՝ որպես սովորական գրոհայիններ: