Քիչ հետո կսկսվի Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի, նրա երկու որդիների և նախկին մի շարք բարձրաստիճան իրավապահների նկատմամբ դատավարությունը:
Ինչպես հաղորդում է Aljazeera-ն, դժվար է ասել, թե այսօր դատավարությունն ինչպես կընթանա: Հոսնի Մուբարաքին առողջական վիճակի պատճառով դատական նախորդ լսումների ժամանակ պատգարակով էին տեղափոխել դատարան:
Քիչ առաջ տեղեկություններ են ստացվել, որ Կահիրեի Ոստիկանական ակադեմիայի մոտ, որտեղ քիչ հետո սկսվելու է դատավարությունը, Մուբարաքի կողմնակիցների և հակառակորդների միջև բախումներ են գրանցվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ին:
Մուբարաքի հակառակորդները Ոստիկանության ակադեմիայի մոտ պաստառներ են պարզել` պահանջելով Մուբարաքի մահապատիժը: Ոմանք կախվելու համար պարաններ են պատրաստել:
BBC-ն րոպեներ առաջ տեղեկացրեց, որ Հոսնի Մուբարաքը տեղափոխվել է դատական լսումների դահլիճ:
Ճակատագրի հեգնանքով մինչև մերջին ժամանակներս Ոստիկանական ակադեմիան, որտեղ ընթանում է դատավարությունը, կրում էր հենց Մուբարաքի անունը:
Դատական նախորդ լսումների ժամանակ, օգոստոսի 3-ին, Մուբարաքները չեն ընդունել իրենց մեղքը և ամբողջությամբ մերժել են առաջադրված մեղադրանքները:
Իսկ դատական նիստը հետաձգվել էր Մուբարաքի փաստաբանի խնդրանքով, որը ցանկանում էր ավելի մանրամասն ծանոթանալ քրեական գործին և դատախազության կողմից առաջադրված մեղադրանքներին:
Հիշեցնենք, որ 2011թ. հունվար-փետրվար ամիսներին Եգիպտոսում տեղի ունեցած զանգվածային ելույթների հետևանքով փետրվարի 11-ին հրաժարական տվեց Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը, ով երկիրը ղեկավարում էր 1981թվականից` մոտ 30 տարի:
Այժմ Մուբարաքը և իր երկու որդիները մեղադրվում են զանգվածային ելույթները ճնշելու մեջ, որի ժամանակ մոտ 800 մարդ է զոհվել, ինչպես նաև կոռուպցիայի, պետական միջոցները յուրացնելու և իշխանությունն անձնական շահերին ծառայեցնելու մեջ:






































