
Բաթումում ցանկանում են կառուցել արհեստական «Արմավենու կղզի»: Այս մասին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Աջարիայի կառավարության նախագահ Թորնիկե Ռիժվաձեն: Հաղորդում է jnews.ge-ն։
«Մենք արդեն պայմանավորվել ենք կոնկրետ ներդրումային խմբի հետ, որ Բաթումում արհեստական արշիպելագ կկառուցվի: Բավականին մեծ ներդրումներ են նախատեսվում: Այս տարի մենք կսկսենք խոր ուսումնասիրություն: Մենք կհրավիրենք միջազգային ճարտարապետների, դիզայներների, շինարարների: Հենց հաստատվի նախագծի տնտեսական նպատակայնությունը, շատ շուտով կսկսվի դրա շինարարությունը»,- ասել է Ռիժվաձեն:
Արմավենու կղզիների արշիպելագը, որը բաղկացած է արմավենու տեսքով ձևավորված երեք խոշոր արհեստական կղզիներից, ստեղծվել է Արաբական Միացյալ Էմիրություններում, Դուբայի էմիրությունում 2000-ականների սկզբին: Տեսարժան վայրը կոչվում է «աշխարհի ութերորդ հրաշալիք»: Արշիպելագը կառուցված է շքեղ հյուրանոցներով, վիլլաներով, ջրաշխարհներով և լողափերով: