«Ոստիկանության տարածած այն վարկածը, թե միջադեպի պատճառ է հանդիսացել առանց դնչկալի շան ման տվող տիրոջը նկատողություն անելը, չի համապատասխանում իրականությանը, նման բան չի եղել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով օգոստոսի 9-ին ոստիկանության և ՀԱԿ ակտիվիստների միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասները, հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Ասուլիսին մասնակցում էին նաև ձերբակալված և այնուհետև ազատ արձակված չորս ակտիվիստները:
Մուսինյանը նշեց, որ մինչ այժմ իրենք զերծ են մնացել մեկնաբանությունից, քանզի ցանկացել են պարզել դեպքերի ամբողջական պատկերը: Նա ասաց, որ իրանակում կարմիր բերետավորներն անօրինական խուզարկել են քաղաքացիներից մեկին, ինչը նկատելով՝ ՀԱԿ ակտիվիստ Արտակ Կարապետյանը մոտեցել և խնդրել է ներկա գտնվել՝ որպես ընթերակա. «Կարմիր բերետավորները համաձայնել են, սակայն երբ մոտեցել է նաև ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը, բերետավորներից մեկն ասել է. «Արա՛, սրան ես ճանաչում եմ, սրանք լևոնականներ են», ինչից հետո սկսել են վիճաբանություն, որն ավարտվել է մեր տղաների նկատմամբ դաժան բռնություն կիրառելով:
Մյուս հինգ երիտասարդներն այդ պահին իրենց ընկերուհիների հետ գտնվել են RICH սրճարանի մոտ և երբ տեսել են ոստիկանական մեքենաների կուտակումը, մոտեցել ու տեսել են, թե ինչպես են ոստիկանները և կարմիր բերետավորները ծեծում գետնին ընկած Տիգրան Առաքելյանին»:
Մուսինյանը նշեց, որ տղաները փորձել են հանդարտեցնել իրավիճակը, Արեգ Գևորգյանն անգամ դիմել է կարմիր բերետավորների հրամանատար Տեր-Պողոսյանին, սակայն նրանց ևս ծեծել են և մեքենաներով տարել բաժին: Մեքենաների մեջ ևս տղաների նկատմամբ բռնություն է կիրառվել: Մուսինյանը նաև պարզաբանեց, թե ինչպես է մեքենայի մեջ քթին վնասվածք ստացել ոստիկաններից մեկը: Նա նշեց, որ Տիգրան Առաքելյանն ու Վահագն Գևորգյանը գտնվել են ոստիկանական նույն մեքենայի մեջ, և ինչպես պատմել է Վահագը` իրենց ուղեկցող կարմիր բերետավոր Տիգրան Ավետիսյանը ցանկացել է խեղդել շղթայված Առաքելյանին: Այդ միջադեպն այնքան է ձգվել, որ անգամ միջամտել են մեքենայի վարորդն ու նրա կողքին նստած ոստիկանը, իսկ Տիգրանը ձեռքերը շղթայված լինելու պատճառով դիմադրել է գլխով ու այդ ժամանակ էլ գլխով հարվածել է ոստիկանի քթին:
Մուսինյանը նաև ընդգծեց, որ ոստիկանական բաժանմունքում ևս տղաների նկատմամբ բռնություն է կիրառվել, բռնություն է կիրառվել նաև փաստաբաններ Վահե Հովսեփյանի և Ստեփան Ոսկանյանի նկատմամբ, բացի այդ՝ վերջիններիս շուրջ 40 րոպե փակի տակ են պահել: Իսկ ձերբակալման որոշումը կայացվել է առանց տղաների և փաստաբանների մասնակցության: Մուսինյանի պատմելով՝ ոստիկանությունը ցանկացել է տղաներին բաժանել իրարից, բայց վերջիններս հրաժարվել են՝ վախենալով, որ բռնությունները կշարունակվեն, սակայն ոստիկաններին հաջողվել է մեկուսացնել Արտակ Կարապետյանին, և ոստիկանության քրեական հետախուզության օպեր-լիազորը նրա նկատմամբ նորից բռնություն է կիրառվել: Մուսինյանը տեղեկացրեց, որ օպեր-լիազորի անունը եղել է Կարեն, և իրենք այժմ ճշտում են վերջինիս ազգանունը:
Մուսինյանը նաև նշեց, որ չնայած փաստաբան ունենալու տղաների պահանջին, փաստաբանները կարողացել են բաժին մտնել տղաներին բերման ենթարկելուց 40 րոպե անց միայն: Նրա խոսքերով` երկար պահանջից հետո տղաները նաև բժշկական հետազոտություն են անցել, ինչի արդյունքում պարզվել է, որ տղաներից ոմանք ուղեղի ցնցում են ստացել, և այդ են վկայում բժշկուհու գրառումները, որոնք տղաները հասցրել են նկարել: Մուսինյանը լրագրողներին ցուցադրեց բժշկուհու գրառումները: Նշենք, որ, ըստ Մուսինյանի ներկայացրած նկարի, «ուղեղի ցնցում» ախտորոշում տրվել է Սահակ Մուրադյանին և Տիգրան Առաքելյանին:
Արման Մուսինյանը շեշտեց, որ այս խոշտանգումներն աննախադեպ են, և նույնիսկ Մարտի 1-ի գործերի քննման ժամանակ նման խոշտանգումների փունջ տեղի չի ունեցել:











































