Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ օգոստոսի 9-ին ՀԱԿ ակտիվիստների և ոստիկանության բախման միջադեպի մանրամասներին:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե կարո՞ղ է այս միջադեպը պատճառ հանդիսանալ ՀԱԿ-իշխանություն երկխոսության դադարեցման համար, Մուսինյանը նշեց, որ այդ փաստը մեծ խոչընդոտ է երկխոսության ճանապարհին, սակայն դեռ կա 24 ժամ՝ մինչև երկխոսության հաջորդ ռաունդը (երկխոսության հինգերորդ հանդիպումը երեքշաբթի օրը, ժամը 12:00): Կախված նրանից, թե ինչ կլինի ՀԱԿ ակտիվիստների հետ, Կոնգրեսը համապատասխան որոշում կկայացնի: Մուսինյանը նշեց, որ իրենց որոշումը կհրապարակվի վաղը՝ երկխոսության 5-րդ ռաունդի ժամանակ:
«Երեք տարի շարունակ քաղբանտարկյալների առկայությունը եղել է այն հիմնական նախապայմանը, որը խանգարել է երկխոսությանը, և այս պարագայում տղաների ձերբակալությունը լրջագույն խոչընդոտ է: Ուղղակի մենք ունենք 24 ժամ, որից հետո կհրապարակենք մեր որոշումը»,- մանրամասնեց Մուսինյանը:
Հարցին, թե տղաների ազատ արձակման պահանջ և այդ պահանջը երկխոսությամբ շարունակելու հիմք ներկայացվե՞լ է իշխանություններին, Մուսինյանը պատասխանեց, որ ակտիվիստների նկատմամբ տեղի ունեցածն իրենք որակում են սադրանք և արդեն հայտարարությամբ հանդես են եկել՝ անհապաղ ազատ արձակել ՀԱԿ ակտիվիստներին:
Մուսինյանը նաև շեշտեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոստիկանության գործողությունները եղել են սադրիչ և ունեցել են քաղաքական ենթատեքստ, Կոնգրեսը տղաների ձերբակալությունը համարում է քաղաքական հետապնդում և համարում, որ վերջիններս քաղբանտարկյալ են:










































