Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ թուրքական իշխանություններրն առաջարկում են Անիի ավերակները ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության Կարսի նահանգի վարչության պետ Հաքան Դողանայը։
Վերջինս նշել է. «Եթե ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընտրի Կարսից 42 կիլոմետր հեռավորության վրա ընկած Անիի ավերակները, ապա այդ մասին կպատրաստվեն բազմաթիվ ռեպորտաժներ։ Դա կնպաստի Անիում զբոսաշրջության զարգացմանը։ Անի այցելող զբոսաշրջիկների քանակն աճել է 23 տոկոսով։ Այս տարվա առաջին կիսամյակին Անի է այցելել 23,000 զբոսաշրջիկներ, որոնք հիմնականում ներկայացրել են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու Ճապոնիան։
15,747 քառակուսի մետր տարածք ունեցող Անին ամենամեծ կարևորության կրոնական քաղաք է։ Այստեղ հնարավոր է 500 մետրի վրա ականատես լինել 3 կրոնական շինության. մզկիթ, եկեղեցի և տաճար։ «Դրա համար էլ» Անին անվանում են 1001 եկեղեցիների քաղաք»։
Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարար էրթուղրուլ Գյունայը հայտարարել էր, որ իրենք վերականգնելու են Կարսից 25 մղոն (40 կիլոմետր) հեռավորության վրա գտնվող Մայր տաճարն ու Սուրբ Փրկիչ եկեղեցին.
«Այդ աշխատանքներն իրականացվելու են Հուշարձանների պահպանության համաշխարհային հիմնադրամի (WMF) հետ մեկտեղ: Վերականգնողական աշխատանքների վրա ծախսվելու է 1 միլիոն դոլար (672,000 եվրո), ամենայն հավանականությամբ դրանք կմեկնարկեն 2012 թվականի սկզբին և կտևեն 4 տարի»:










































