Հայաստանցիների 63 տոկոսը գոհ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, 29 տոկոսը` դժգոհ, իսկ 8 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել։ Սրանք Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ հետընտրական շրջանում անցկացրած հարցման տվյալներն են։ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանը կարծում է՝ այդ արդյունքները բնական են, քանի որ ընտրությունները անցել են ոչ համատարած ընտրակեղծիքներով։ Այլ բան է, թե նախընտրական շրջանում ինչպիսի հռետորաբանություն էին կիրառում քաղաքական ուժերը։ Հարցման արդյունքները արդյոք վկայո՞ւմ են այն մասին, որ կա որոշակի բավարարվածություն հասարակության մեջ, և որ 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած քաղաքական ճգնաժամը հանգուցալուծվել է։ Քաղաքագետ Էդգար Վարդանյանը շարունակում է պնդել՝ Հայաստանում քաղաքական ճգնաժամ չի եղել։










































