ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30 տարի առաջ այս օրը՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը՝ Արցախը, հռչակվեց որպես անկախ պետություն։
Սեպտեմբերի 2-ն իրավամբ Արցախի պետության ու պետականության կայացման մեկնակետն է, մեր տոնացույցի ամենակարևոր տոներից մեկը։
Անցած 30 տարիներին Արցախի հանրապետությունն անցել է ամենադժվարին տառապանքների միջով, այնուամենայնիվ նույնիսկ այսօր՝ արցախյան երկրորդ աղետալի պատերազմից հետո, արցախցիները, ի պատիվ իրենց, կարողանում են զարգացնել պետական ինստիտուները։
Արցախյան առաջին պատերազմում հաղթանակից հետո, չնայած առկա բոլոր հնարավորություններին, մենք ի զորու չեղանք Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ միջավայր ձևավորել։
Պատերազմում հաղթանակից մի քանի տարի անց արդեն՝ 1997-ից սկսած, Հայաստանը և Արցախը օրըստօրե դուրս եկան իրենց բնական՝ պետականություն կառուցելու ուղեծրից և սկսվեց պետական ինստիտուտների հետևողական դեգրադացման, քրեաօլիգարխների և բանդիտների իշխանավարման շրջափուլ՝ որն անկասկած իր անդրադարձն էր ունենալու մեր զույգ պետությունների պաշտպանունակության որակի, արտաքին քաղաքականության և դիվանագիտական կարողությունների, տնտեսական հզորություններ ստեղծելու մեր հավաքական ընդունակությունների վրա։
Հայկական պետականության խեղման հետևանքով շարունակվող արտագաղթը, բանակում բարոյազուրկ և կոռումպացված բարձրաստիճան զինվորականության, այլ՝ երրորդ երկրների շահեր սպասարկող Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուների, առանձին երկրներում իրենց բուն առաքելությունը ուրացած և քրեական տարրերի հետ սերտորեն համագործակցող առանձին դիվանագետների առկայությունը, և Հայաստանում ու մասնակիորեն Արցախում իշխանությունը զավթած քսանամյա կառավարիչների վարած քաղաքականությունը, որն ուղեկցվեց խայտառակ ընտրություններով և նույնքան ամոթալի հանրաքվեներով, քաղաքական սպանություններով, բանտարկություններով և հաշվեհարդարներով, նույնիսկ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակը արմատապես փոխելու անհագ ցանկությունը, գործադրված տեսանելի ջանքը չկարողացան արմատապես վերափոխել մեր պետության պաշտպանունակությունն և դիմադրողունակությունը քայքայող գահավիժման ընթացքը։
Արցախի անկախության երեսունամյակի այս կարևոր և պատմական օրը չափազանց կարևոր է, որ մենք այս ամենի մասին ոչ միայն խոսենք և անհրաժեշտ արձանագրումներ անենք, այլև տեղի ունեցածին, բոլոր, անխտիր բոլոր պատասխանատուներին տանք իրավական և քաղաքական գնահատական, որը հնարավորություն կտա առաջ նայել և ստեղծված նոր իրողությունների պայմաններում կառուցել Հայաստանի և Արցախի համար անվտանգ ապրելու խաղաղ միջավայր։
Արցախցիներին և համայն հայությանը՝ բոլորիս, սրտանց բերում ենք մեր շնորհավորանքը Արցախի հանրապետության ամենակարևոր՝ Անկախության տոնի առթիվ, խոնարհվում ենք բոլոր այն զոհերի հիշատակի առաջ, ում կյանքի գնով հնարավոր է դարձել Արցախի ասյօրվա գոյությունն ու զարգացումը, մաղթում ենք խաղաղություն ու բարգավաճում և մեր արժանի նահատակների գործը շարունակելու անսպառ վճռականություն։
Հանուն Հանրապետության կուսակցություն
Քաղաքական խորհուրդ









































