«Եթե ամբողջ խնդիրը նրանում է, թե Ազարյանը պատրաստ չէ արտահերթ ընտրությունների, և դա հենց գլխավոր խոչընդոտն է, որպեսզի արտահերթ ընտրություններ չլինեն, կարծում եմ չարժե դրա վրա կենտրոնանալ, եթե արտահերթ ընտրությունների որոշում կայացվի, ապա Ազարյանն արդեն այդ օրվանից պատրաստ կլինի դրանց անցկացմանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով ԿԸՀ նախագահ Գ. Ազարյանի հայտարարությանը, թե ԿԸՀ-ն և ԸՕ-ն պատրաստ չեն արտահերթ ընտրությունների, կարծիք հայտնեց ԿԸՀ անդամ Զոյա Թադևոսյանը:
Թադևոսյանը նշեց, որ եթե պատրաստ չլինելու խնդիրը կապված է տեղամասային հանձնաժողովների անդամների լիցենզավորման և նոր Ընտրական օրենսգրքին ծանոթանալու հետ, ինքը այդտեղ որևէ դժվարություն և ժամանակի կարիք չի տեսնում, քանզի մեր հասարակության մեջ կան հսկայական թվով անձինք, ովքեր բազմաթիվ անգամ մասնակցել են ընտրություններին, տիրապետում են ընտրական գործընթացներին, և ընդամենը մեկ կամ մի քանի դրույթի հետ ծանոթանալու համար շատ ժամանակ պետք չէ:
«Ես չեմ կարծում, որ դա առանձնակի բարդության խնդիր է, ուղղակի ցանկություն չկա արագընթաց դա անելու:
Ցանկացած հարց լուծելի է, թե հիմա ինչ մեկնաբանություն կանի Ազարյանը՝ դա իր խնդիրն է, եթե որոշումը կայացվի արտահերթ ընտրությունների, ապա ցանկացած խնդիր կլուծվի մի քանի օրվա ընթացքում, և չեմ կարծում, որ Ազարյանի մեկնաբանությունները պետք է հիմք հանդիսանան արտահերթ ընտրությունները չկայացնելու համար»,- նկատեց Թադևոսյանը և հավելեց, որ եթե Ազարյանն ինքը ի զորու չէ դա անելու, ուրեմն կգան մարդիկ, ովքեր պատասխանատվություն կվերցնեն ու խնդիրը կլուծեն:








































