Օգոստոսի 26-ին Գորիս-Կապան ճանապարհը բացելու բանակցությունը չտվեց արդյունք և ադրբեջանցիները շարունակելով փակ պահել ճանապարհի այն հատվածները, որոնք անցնում են այսպես ասած իրենց սահմանով, ըստ էության արգելափակել են Հայաստանի միջպետական ճանապարհը, որը նաև Հայաստան-Իրան ճանապարհն է: Անկասկած է, որ, չնայած պատրվակին, թե իբր երկու հայ զինծառայող հարձակվել և դանակով վնասել են ադրբեջանցիների, Բաքվի քայլը քաղաքական է: Հակառակ դեպքում, բանակցությունը չէր տևի երկու օր և պարզ էլ չէ, թե դեռ որքան կշարունակվի: Ըստ այդմ, անկասկած է, որ Բաքվի քայլը քաղաքական շանտաժ է, հստակ պահանջներով: Թե որոնք են դրանք, պարզ չէ: Սակայն այստեղ կա մի հետաքրքիր հանգամանք, բավականին խորհրդավոր հանգամանք, որի վրա արժե ուշադրություն դարձնել:
Մի քանի օր առաջ ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը Ռուսաստանի ավտոփոխադրողների ասոցիացիայի հետ հանդիպմանը հանկարծ հորդորել էր ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի տարանցիկ ներուժին: Ընդ որում հետաքրքիր է, որ Բաքուն կարծես թե լուրջ դժգոհություն չարտահայտեց Լավրովի այդ «պլանների» կապակցությամբ, թեև, հնարավոր է, որ դրա փոխարեն սկսեց լարել իրավիճակը սահմանին, այդ թվում արցախյան ուղղությամբ: Եվ այդ իմաստով, առնվազն հարց կարող է առաջանալ, թե արդյո՞ք Բաքվի քայլը՝ Հայաստանի միջպետական ճանապարհը փակելու առումով, «Լավրովի տարանցիկ պլանների» դեմարշ է: Այսինքն, եթե Ռուսաստանը խոսում է Լեռնային Ղարաբաղի տարանցիկ ներուժի մասին, իսկ այստեղ պահը նուրբ է, ընդ որում Լավրովը այդ համատեքստում չէր շոշափել Ադրբեջանի անունը, Բաքուն փաստորեն փակում է Հայաստանի տարանցիկ ճանապարհը: Հատկապես, որ այդ հատվածներում ճանապարհի անխափանությունը կարծես թե պետք է ապահովեին ռուս սահմանապահները, որոնք սակայն փաստորեն չեն կարողացել ապահովել դա: Այստեղ սակայն էական է հարցը, թե Լավրովը ի՞նչ տրամաբանությամբ էր խոսում Լեռնային Ղարաբաղի տարանցիկ ներուժի մասին: Այսինքն, ռուս ավտոփոխադրողները ի՞նչ երթուղու համատեքստում պետք է ուշադրություն դարձնեն Լեռնային Ղարաբաղի ներուժին: Արդյո՞ք Լավրովի «պլանը» Վրաստանը շրջանցելն է, այսինքն Վրաստանից կախվածությունը չեզոքացնելը, ինչը կարող է պայմանավորված լինել Թբիլիսիի հանդեպ Մոսկվայի ռազմա-քաղաքական որևէ ավելի լայն պլանով: Կմիանա՞ն դրան Բաքուն և Անկարան: Այո, եթե Ռուսաստանի հետ լինի Վրաստանի մասնատման լայն պայմանավորվածություն: Այլապես, հազիվ թե նրանք գնան Մոսկվային Վրաստանի տարանցիկ «կախվածությունից» ազատելու հնարավորություն ընձեռելուն: Ըստ այդմ, միարժեք չէ՝ արդյո՞ք ոչ թե Լավրովի պլանի հանդեպ դեմարշի, այլ նրան միանալու նշան է այն, որ փաստորեն շանտաժի են ենթարկում Հայաստանը, որի համար իհարկե Վրաստանը «խաղից դուրս» բերելը խիստ անցանկալի հեռանկար է: Ինչ կանեն Իրանը, ԱՄՆ ու Ֆրանսիան:







































