Բալթյան 3 երկրներ և Լեհաստանը կոչ են արել ՄԱԿ-ին միջոցներ ձեռնարկել Բելառուսի ղեկավարության նկատմամբ՝ միգրանտներին ԵՄ սահմանների ապօրինի հատման մղելու համար։ Անօրինական միգրանտների հոսքը «հիբրիդային հարձակում» է Եվրամիության վրա, այն ծրագրված և համակարգված է Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի կողմից, ասվում է Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի և Լեհաստանի վարչապետների համատեղ հայտարարության մեջ։
Նրանց խոսքով՝ եկել է խնդրի վրա ՄԱԿ-ի, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի ուշադրությունը հրավիրելու ժամանակ։
«Մենք կոչ ենք անում փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի վարչությանը ձեռնարկել ակտիվ քայլեր՝ այս իրավիճակի կարգավորմանը նպաստելու համար, ինչպես նաև պահանջել Բելառուսից իր միջազգային պարտավորությունների կատարում»,-ընդգծել են 4 վարչապետները։ Նրանք նշել են, որ միգրանտներին որպես զեքն օգտագործելը սպառնում է ԵՄ տարածաշրջանային անվտանգությանը և իրենից ներկայացնում մարդու իրավունքների լուրջ խախտում։
Մայիսին Լուկաշենկոն, ի պատասխան արևմտյան պատժամիջոցների խստացման, հայտարարել էր, որ Մինսկն այլևս չի զսպի ԵՄ ուղղվող փախստականների հոսքը։








































