Օգոստոսի 21-ին տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հերթական հեռախոսազրույցը: Դրա ընթացքում երկու առաջնորդները խոսել են Մինսկի խմբի շրջանակում արցախյան հարցի վերաբերյալ բանակցությունը շուտափույթ վերսկսելու կարևորության, ռեգիոնալ կայունության, ինչպես նաև երկկողմ բազմաբնույթ կապերի վերաբերյալ: Փաշինյան-Մակրոն նոր հեռախոսազրույցի հանգամանքը հատուկ ուշադրության է արժանի թերևս այն համատեքստում, որ դրանից առաջ՝ օգոստոսի 19-ին, Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Ընդ որում, Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ արտահայտվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ համակարգված աշխատանք տանելու երկուստեք պատրաստակամություն՝ «նախ և առաջ Մինսկի խմբի» շրջանակում:
Հատկանշական է, որ հենց Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է Մինսկի խմբի շրջանակի պարագան, ինչն ուշադրության էի արժանացրել Մակրոն-Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ անդրադարձումս: Հատկանշական է, որ Պուտինի հետ զրույցից հետո Մակրոնը խոսել էր նաև Մինսկի խմբի մյուս համանախագահ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Իհարկե Ջո Բայդենի հետ Ֆրանսիայի նախագահի հեռախոսազրույցի մասին հաղորդագրություններում նշվում էր միայն Աֆղանստաննի հարցի քննարկման մասին, իսկ Արցախի վերաբերյալ չկար խոսք, սակայն թերևս վեր է կասկածից, որ Պուտինի հետ Արցախի հարց քննարկած Մակրոնը չէր կարող առնվազն այդ համատեքստում խոսակցություն չունենալ նաև Ջո Բայդենի հետ: Թե ինչ խոսակցություն և ինչ շեշտադրումներով, սա արդեն իհարկե առանձին հարց է, սակայն այդ իմաստով էլ հատկանշական է, որ օգոստոսի 22-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հերթական անգամ հայտարարեց, որ արցախյան հարցը լուծված չէ և պետք է լուծվի կարգավիճակի հարցը ու ԱՄՆ որպես համանախագահ աշխատում է այդ հարցի քննարկման հնարավորություն ստեղծելու ուղղությամբ: Այդպիսով, խոսելով Պուտինի և Բայդենի հետ, Ֆրանսուա Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանի վարչապետի հետ: Ընդ որում ուշադրության է արժանի, որ Երևանը բավականին հակիրճ է եղել այդ մասին հաղորդագրության տեքստը կազմելիս: Արդյո՞ք դա զրույցի ընթացքում շոշափված հարցերի համատեքստում ընդհանուր առմամբ շոշափելի համաձայնությունների, թե՞ հակառակի նշան է: Սա արդեն բավականին դժվար է ասել:
Հետաքրքիր է, կխոսի՞ Մակրոնը Բաքվի ղեկավար Ալիևի հետ: Նախորդ անգամ, երբ հեռախոսազրույց էր ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ վարչապետի պաշտոոնում նրա վերանշանակվելու առիթով, մեկ օր անց Մակրոնը խոսել էր նաև Իլհամ Ալիևի հետ, ընդ որում Ելիսեյան պալատից տարածելով հաղորդագրություն, որ պայմանավորվել են քայլեր կատարել ռեգիոնալ կայունության ուղղությամբ՝ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ:









































