Այսօր ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի` Բաքվից Երեւան մեկնած համանախագահները կրկին վերադառնալու են Ադրբեջան. այս մասին այսօր Բաքվի միջազգային օդանավակայանում լրագրողներին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն: Բաքու այցի շրջանակներում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Բաքվում հանդիպել են նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հեռանկարները, ինչպես նաեւ հանդիպման մանրամասները ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում` Աստանայում:
Համանախագահների այցը Բաքու արդեն ավարտվել է:
Բ.ֆասիեն, ըստ ադրբեջանական APA-ի, նշել է, որ Երեւանում անցկացվող բանակցություններից հետո ԵԱՀԿ ՄԽ-ում ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն ու ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն կվերադառնան Բաքու, իսկ ինքը կմեկնի Փարիզ` Ֆրանսիայի նախագահին հայտնելու բանակցային գործընթացի ընթացքի մասին:
Հարցին, թե ինչ ձեւաչափով կանցնի Աստանայի հանդիպումը, Ֆասիեն նշել է. «Նախագահների հանդիպումը չի կարելի պլանավորել մեկ շաբաթից ավելի շուտ: Մենք սովորական համանախագահներ ենք, իսկ Աստանայի գագաթնաժողովին ակնկալվում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մասնակցությունը»: