«Թալիբան» շարժումը վերսկսել է բանակցությունները Աֆղանստանում նոր` ներառական կառավարության ստեղծման շուրջ: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է աֆղանական TOLONews հեռուստաալիքը ՝ հղում անելով շարժման Կատարի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Սոհեյլ Շահինի հայտարարությանը:
«Մենք վերսկսել ենք Աֆղանստանում ներառական կառավարություն ստեղծելու շուրջ բանակցությունները»,- մեջբերում է նրան հեռուստաալիքը:
«Այժմ կառավարությունը որոշելու համար ընտրություններ անցկացնելու ժամանակը չէ։ Մենք ունենք իշխանության վակուում: Հետևաբար, ընտրությունների ժամանակ չկա: Քանի դեռ նոր Սահմանադրություն չկա, մենք այն մշակում ենք հետագա հաստատման համար: Շատ աշխատանք կա անելու, և դա պահանջում է ներառական կառավարություն: Այս մարդիկ կընտրվեն տարբեր քաղաքական գործիչների և մեր բարձրագույն ղեկավարության միջև երկխոսության միջոցով»,- ասաց Շահինը:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հայտարարել Աֆղանստանում զինված գործողության ավարտի և զորքերի դուրսբերման սկզբի մասին, թալիբների շարժումը հարձակում սկսեց կառավարական ուժերի դեմ և մինչև օգոստոսի 15-ը առանց մարտի մտավ Քաբուլ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել էր, որ հեռանում է երկրից ՝ արյունահեղությունը կանխելու համար: Արևմտյան երկրները տարհանում են իրենց քաղաքացիներին և դեսպանատան աշխատակիցներին: