2011 թ. հունվար-հունիսին Հայաստանի սահմանը հատած ՀՀ քաղաքացիների բացասական հաշվեկշիռը 89,345 է(այսինքն`մեկնել են և դեռ չեն վերադարձել): «Առաջին լրատվականը» խնդրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության վարչության պետ Գագիկ Եգանյանին մեկնաբանել այս փաստը. «Կարևոր է, թե որ եղանակով, ինչ տրանսպորտային միջոցով են այդ փոփոխություններն արձանագրվել: Եթե ցամաքայինով լիներ,ապա կարելի է ենթադրել, որ դա կապված է մեր քաղաքացիների կողմից ամառային հանգիստը Վրաստանում անցկացնելու հետ: Հատկապես հուլիսին են մեկնում ու, որպես կանոն, օգոստոսին վերադառնում են: Եթե աճն ավելի շատ բաժին է ընկել ցամաքային սահմանահատումներին, կարելի էր ենթադրել, որ դա պայմանավորված է ամառային շրջանում սևծովյան Վրաստանի ափ մեկնելու հետ»:
Գ. Եգանյանը նշեց, որ Վրաստան հանգստանալու մեկնող մեր հայրենակիցների թիվը տասնյակ հազարների է հասնում:
Հիշեցնենք, որ ԱՎԾ տվյալների համաձայն՝ 2011 թ. հունվար-հունիսին արտասահման է մեկնել 458,098 ՀՀ քաղաքացի, Հայաստան է եկել 368,753 ՀՀ քաղաքացի: Բացասական հաշվեկշիռը կազմել է 89,345, այդ թվում՝ օդային ճանապարհով Հայաստանից մեկնել է 239,418 ՀՀ քաղաքացի, ժամանել`166,059 ՀՀ քաղաքացի, բացասական հաշվեկշիռը` 73,359:
Այսինքն, եթե նույնիսկ ընդունենք, որ ցամաքային ճանապարհով ՀՀ սահմանը հատած 15,986 ՀՀ քաղաքացիները միայն հանգստի նպատակով են մեկնել արտասահման ու դեռ չեն վերադարձել, ապա օդային ճանապարհով երկրից մեկնած ՀՀ քաղաքացիների 73,359 ցուցանիշը հիմնականում արտագաղթ է:










































