Ադրբեջանի ղեկավար Իհլամ Ալիևը երեկ ծավալուն հարցազրույց է տվել թուրքական պրոիշխանական CNN Тürk հեռուստաալիքին, որում առկա են բազմաթիվ կարևոր դետալներ տարածաշրջանի և հայ-ադրբեջանական հակամարտության ներկայիս իրադրության վերաբերյալ։
Ալիևն այդ հարցազրույցում նախ անուղղակի խոստովանեց, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը՝ մասնավորապես հայտարարելով, որ «Ադրբեջանը սկսեց «Ազատագրական պատերազմը, ազատագրեց իր պատմական հողերը նվաճողներից»։
Ապա Ալիևը ասել է, որ Ադրբեջանն այս պահին Հայաստանին առաջարկել է կնքել «Խաղաղության պայմանագիր», որի դիմաց պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. «Եթե Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա այո, տարածաշրջանում կլինի երկարատև խաղաղություն։ …Այս պահին դա անելու համար սեղանին են դրված կոնկրետ առաջարկներ»։
Ալիևը հարցազրույցում բավական երկար անդրադարձել է նաև «Զանգեզուրի միջանցքին» և իրենց գործողություններին։ Ամբողջ հարցազրույցից պարզ է դառնում, որ Ադրբեջանը շարունակելու է ճնշում գործադրել, պարտադրել Հայաստանին համաձայնել այդ առաջարկներին։
«Առաջին լրատվական»-ը թուրքագետ Հակոբ Չաքրյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք սահմանային այս լարումները, պարբերական կրակոցները, ամիսներ շարունակ ՀՀ սուվերեն տարածքից Ադրբեջանի դուրս չգալը կարող ենք որակել որպես ուղղակի ճնշում Հայաստանի վրա՝ համաձայնելու նրանց կողմից հիշատակված «Զանգեզուրի միջանցքի» տարբերակին։ Ըստ Չաքրյանի՝ Ադրբեջանը չի պատերազմ սկսել Հայաստանի դեմ։ Կրեմլն է Հայաստանի դեմ պատերազմ սկսել՝ օգտագործելով Ադրբեջանին.«Պուտինն Իհլամին օգտագործել է իր հակահայ նկրտումներն իրագործելու համար։ Ինչ վերաբերում է հաշտության պայմանագրին, ապա ինչպես գիտեք ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշմամբ հանձնարարված է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրներին։ Այսինքն եթե անգամ Հայաստանն էլ ցանկանա ստորագրել խաղաղության պայմանագիր, ապա դրա իրավունքի չունի։ Եթե նման փաստաթուղթ ստորագրվի, ապա ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հաշտության այդ պայմանագիրը չի ճանաչի»,-ասաց Չաքրյանը։
Ինչ վերաբերում է Ալիևի հիշատակած «Զանգեզուրի միջանցքին», ապա թուրքագետի խոսքով դա տարածաշրջանային նշանակության միջանցք է, դրանով բացի Մինսկի խմբի եռանախագահող երկրներց շահագրգռված են նաև Իրանը և հարևան մյուս երկրները նմանապես։ Այդ միջանցքի գործելու դեպքում պատնեշվելու է Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի մուտքը Հարավային Կովկաս, որը նույնպես Պուտինի՝ Կրեմլի նախագիծն է.«Միացյալ Նահանգները բազմիցս արտահայտվել է, որ դեմ է նման միջանցքին։ Եթե ղարաբաղյան հարցի կարգավորումը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից հանձնարարված է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրներին, այլ ոչ թե միայն Ռուսաստանին։ Հետևաբար նրանք երեքով պետք է որոշում կայացնեն։ Ամբողջ խնդիրն այն է, որ Պուտինը հիմա ԽՍՀՄ-ի նախկին հանրապետությունները միավորելու քայլեր է ձեռնարկում, թեև այդ քայլեը հեռանկար չունեն։ Ռուսաստանը դրա կարողությունը չունի։ Ռուսաստանի տնտեսությունը կազմալուծված է, քայքայված։ Ինձ թվում է Ալիևը Պուտինի կամ Էրդողանի խոսափողն է դառնում՝ ելնելով իրավիճակից։ Հիմա Ալիևը իրավիճակային քաղաքականություն է վարում։ Իսկ նորմալ պետությունները՝ ծրագրված քաղաքականություն են վարում։ Հիմա ծրագրված քաղաքականություն ոչ Ռուսաստանն է վարում, ոչ՝ Ադրբեջանը։ Ոչ էլ մենք ունենք։ Սահմանը լարված պահելով, իրավիճակը լարված պահելով Ադրբեջանը ԵԱՀԿ համանախագահող մյուս երկու երկրներին՝ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային շանտաժի է փորձում ենթարկել։ Բայց նրանք այն երկրներն են, որ Իհլամի շանտաժի վրա թքած ունեն»,-ասաց Չաքրյանը՝ ավելացնելով, որ հիմա Ադրբեջանը սահմանային իրավիճակը լարված պահելով այն տակտիկան է կիրառում, ինչ Պուտինը։ Այսինքն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի վրա կարող են ազդել, դրա համար էլ Հայաստանի սահմանին լարված իրավիճակ են ստեղծում, որ Երևանը ինքնակամ գնա ու առանց ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի մասնակցության ստորագրի «խաղաղության պայմանագիր», որը, ինչպես արդեն նշվեց այդ պարագայում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի կողմից չի ճանաչվի։ «Կրկնում եմ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշման համաձայն իրենք են պատասխանատու կարգավորման գործընթացում։ Նրանց է պատկանում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման նախաձեռնությունը։ Հետևաբար խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը ևս պետք է պատկանի եռանախագահող երկրներին»,-եզրափակեց թուրքագետը։











































