«Թալիբան» արմատական շարժումը զավթել է Աֆղանստանի մեծությամբ երկրորդ քաղաք Քանդահարը՝ համանուն նահանգի կենտրոնը։ Այս մասին հայտնում է AP-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Պաշտոնյաների խոսքով՝ Քանդահարն ընկել է հինգշաբթի երեկոյան։ Տեղի իշխանությունների ներկայացուցիչները ենթադրաբար շտապել են օդանավակայան՝ քաղաքը լքելու համար։
Քաղաքի գրավման մասին հայտնել են նաև թալիբները։ Նրանք թվիթերյան հայտարարությամբ նշել են, որ զավթել են նահանգապետի գրասենյակը, անվտանգության ուժերի շտաբը և այլ կարևոր հաստատություններ։ Նրանց ձեռքն է անցել նաև քաղաքում մնացած զենք-զինամթերքը, տրանսպորտային միջոցները։
Տեղեկություններ են ստացվում նաև Լաշկարգահ քաղաքի զավթման մասին։ Այսպիսով՝ Աֆղանստանի կառավարության վերահսկողության տակ է մնում միայն մայրաքաղաքն ու ևս մի քանի շրջան։
Գրոհայիններին է պատկանում նաև Հերաթ քաղաքը, որն Աֆղանստանի մեծությամբ երրորդ քաղաքն է, 10-րդ նահանգային կենտրոնը, որը վերջին օրերին անցել է թալիբների վերահսկողության տակ։
Իրավիճակն Աֆղանստանում սրվել է ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին, որոնք երկրում գտնվել են 20 տարի։ Զորքերի դուրսբերումը սկսվել է մայիսի սկզբին, ծրագրվում է գործընթացն ավարտել մինչև օգոստոսի վերջ։








































