Ադրբեջանը նոտա է հղել Իրանին՝ «կապված իրանական բեռնատարների՝ Ղարաբաղ ապօրինի մուտքի հետ», հայտնում է Sputnik ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին:
Բաքվում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ, որտեղ հանդիպման ընթացքում դիվանագետը տեղեկացվել է Ղարաբաղ իրանական բեռնատարների «անօրինական» մուտքի անցանկալի փաստի մասին: Այս փաստի կապակցությամբ դիվանագետին գրություն է հանձնվել:
Նոտան դժգոհություն է հայտնում՝ կապված Իրանին պատկանող, տարբեր նպատակների համար նախատեսված տրանսպորտային միջոցների՝ Ղարաբաղ մուտքի ու ելքի հետ՝ առանց պաշտոնական Բաքվի համապատասխան թույլտվության, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
«Հանդիպման ժամանակ Իրանի դեսպանին է ներկայացվել դժգոհությունը, որը որոշ ժամանակ առաջ արտահայտվել էր բանավոր կերպով»,- ԱՀ ԱԳՆ հայտարարությունն է մեջբերում լրատվամիջոցը:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Իրանի նոր վարչակազմը պետք է պրակտիկ գործողություններ ձեռնարկի՝ կանխելու նման դեպքերը, որոնք «մտահոգություն են առաջացնում և դեմ են երկու երկրների միջև բարեկամության և գործընկերային հարաբերությունների ոգուն»: