Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել պետական կամ համայնքային բազմաթիվ գույքեր հանցավոր չարաշահումներով օտարելու համար։
ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ առ այն, որ, հանդիսանալով Գյումրու համայնքի ղեկավար՝ Վարդան Ղուկասյանը պաշտոնավարման ժամանակահատվածում, Գյումրու համայնքապետարանի մի քանի պաշտոնատար անձանց օժանդակությամբ կեղծելով պաշտոնեական փատաթղթեր հանդիսացող համայնքապետարանի տեղեկանքներ, աճուրդային հանձնաժողովի արձանագրություններ, սակարկությունների մասին օրենսդրության պահանջների խախտմամբ երբեմն անձամբ մասնակցելով հողամասերի օտարման աճուրդներին և ճանաչվելով հաղթող, 2001-2011 թվականների ընթացքում ուղղակի վաճառքով կամ աճուրդով օտարել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցելն արգելված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող բազմաթիվ հողատարածքներ: Խոսքը, մասնավորապես վերաբերում է Գյումրու քաղաքային զբոսայգու առանձին տարածքներին, Գյումրի քաղաքի Ֆուրմանով, Ռուսթավելու, Սայաթ-Նովա, Գարեգին Նժդեհ փողոցների, Մարմաշենի խճուղու հարևանությամբ գտնվող հողամասերին, Մարմաշենի խճ. 13 հասցեում գտնվող հողամասին, Տիգրան Մեծ 31 հասցեի, Տ.Ճարտարապետ փող. մի քանի հողամասերին, նախկին զինվորական սովխոզի տարածքի մի քանի հողամասերին, Մուշ 2 թաղ. 11/11 հողամասին, Գյումրու Տեքստիլ ԲԲԸ-ին պատկանող հողամասից մի հատվածին, Գյումրի քաղաքի Աբովյան 262 հասցեում գտնվող պատմամշակութային արժեք ունեցող շինությանը: Արդյունքում համայնքապատկան կամ պետական սեփականության գույքն օտարվել է առանձին դեպքերում անձամբ իրեն, ինչպես նաև այլ անձանց, սուբյեկտների, և ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանում ներկայացված կեղծ փաստաթղթերի հիման վրա դրանց նկատմամբ գրանցվել է վերջիններիս սեփականության իրավունքը: Հանցավոր այս արարքների հետևանքով պետության և համայնքի շահերին պատճառվել է էական վնաս՝ որոշ դեպքերում անզգուշությամբ առաջացնելով նաև ծանր հետևանքներ:
Ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ 2021թ. օգոստոսի 10-ին Գյումրու նախկին քաղաքապետին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (9 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով (10 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (19 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:
Վարդան Ղուկասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը այդ մեղադրանքներից և ոչ մեկում իրեն մեղավոր չի ճանաչում, բացարձակ առնչություն չունի դրանց հետ և այս քրեական գործերը ընդամենը որակում է որպես հետապնդում իր անձի նկատմամբ.«Ես ուզում եմ հասկանամ հիմա արդեն քաղաք կառուցելը ծանր հանցա՞նք է։ Մենք դենդրոպարկ ենք կառուցել, բայց հիմա մեզ 60 հատ հոդված են առաջադրել։ Օազիս ռեստորանը, որ դենդրոպարկ ենք սարքել ու հիմա ինձ մեղադրանք են առաջադրել։ Դրանից սկի շահույթ չկա, բայց մենք գիշեր-ցերեկ գումար ենք ներդնում, որ բույսերը չփչանան։ Ասֆալտը վերցրել սարքել ենք այգի, աշխարհի բույս ու ծաղիկը բերել լցրել ենք, բայց մեզ ասում են հանցագործ ու մեղադրանք են առաջադրում։ Թող առաջադրեն, բայց դեռ պետք է ապացուցեն դա»,-ասաց Ղուկասյանը։
Մեր դիտարկմանը՝ խոսքը քաղաքը կառուցելու մասին չէ, այլ համայնքապատկան հողերը օտարելու, անձամբ դրանք սեփականաշնորհելու, փաստաթղթեր կեղծելու մասին է, նախկին քաղաքապետը պատասխանեց.« Համայնքային գույքի հետ կապված ես ոչ մի բան չեմ արել, ոչ մի փաստաթուղթ չեմ կեղծել։ Դրանք կեղծ մեղադրանքներ են։ Ուղղակի աղմուկ է պետք որոշ դեմագոգների։ Ես ուղղակի էս ընթացքում մեկ բան հասկացա, որ բոլորը իրար հետ են։ Էդքան բան»,-ասաց Ղուկասյնաը։
Մեր հարցին, թե ում նկատի ունի՝ իշխանությա՞նն ու ընդդիմությա՞նը, նախկին քաղաքապետը պատասխանեց.«Այո»։
Բայց Դուք ներկայիս ընդդիմության առաջնորդին էիք սատարում արտահերթ ընտրություններին՝ հիշեցրեցինք Ղուկասյանին.«Խոսքը Քոչարյանի մասին չէ։ Քոչարյանի վերաբերյալ բան չունեմ ասելու։ Բայց հավանական է, որ Սերժ Սարգսյանով բանով սաղ իրար հետ են, բայց ոչ Քոչարյանը։ Քոչարյանին ընդունում եմ ու հարգում եմ»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ համոզմանն է եկել, քանի որ «ինչպես Սերժ Սարգսյանի ժամանակ է հալածվել, այնպես էլ հալածվում է հիմա», բայց հավանական է համարում նաև այս ընտրություններին Քոչարյանին սատարելու համար հալածվելու վարկածը.«Ինչ որ հիմա իրենք ասում են, ինչ մեղադրանք առաջադրել են, ժամանակին երկրում ինչ ստուգող կառույց կար մի 100 անգամ ստուգել է։ Փաստաթղթերը կան, որ սաղ մաքուր է, ոչ մի խնդիր չկա։ Հետևաբար ես սա համարում եմ բացարձակ ապօրինի մեղադրանք, որևէ հիմք չունեցող մեղադրանք։ Ու ես միանշանակ պատրաստ եմ մինչև վերջ գնալ ու ապացուցել դա»,-ասաց Ղուկասյանը՝ չցանկանալով այլ հարցերի պատասխանել։
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի








































