Ամերիկյան The Washington Post թերթում հրապարակվել է Վիլ Ինգլանդի «Խորհրդային Միության փլուզումից 20 տարի անց Լեռնայում Ղարաբաղում դեռևս ձեռք բերված չէ խաղաղություն» խորագրով հոդվածը, որում ասվում է.
«Խորհրդային Միության փլուզումից հետո Լեռնային Ղարաբաղն առաջին կետն էր, ուր ծագեց հակամարտություն։ Հաջորդ դեպքը նույնպես կարող է գրանցվել այստեղ։
20 տարի առաջ խորհրդային վերահսկողությունից ձերբազատված հայերն ու ադրբեջանցիները կատաղի պայքար են մղել Հարավային Կովկասի այս լեռնային շրջանի համար։ Պատերազմն ավարտվեց 1994 թվականին զինադադարի կնքմամբ և խլեց 30.000 մարդու կյանք՝ Ադրբեջանի վերահսկողությունից դուրս բերելով Լեռնային Ղարաբաղը։ Այդ չճանաչված, դե-ֆակտո հանրապետությունը վերահսկում են էթնիկ հայերը։
Դրանից հետո հակամարտող կողմերը բավական կամք չդրսևորեցին համաձայնագրի կնքման համար։ Լարված իրավիճակն օգտագործվում էր Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից։ Ժողովրդավարությունը, ազատ մամուլը, արդյունավետ ընդդիմությունն այնպիսի բաներ են, որոնք հետաձգվում են ճգնաժամի ժամանակ և թողնվում նրա ավարտից հետո։ Այստեղ այդ ժգնաժամը շարունակվում է արդեն 20 տարի, իսկ նրա հաղթահարման մասին քիչ բան է վկայում։
Լեռնային Ղարաբաղի նախկին փոխարտգործնախարար Մասիս Մաիլյանը նշել է, որ ժողովրդավարության զարգացումը դարձել է հակամարտության պատանդը, ինչը ձեռնտու է տոտալիտար ռեժիմներին։
Հակամարտող կողմերը, սակայն, համակարծիք են նրանում, որ նոր պատերազմը աղետալի կլինի նրա բոլոր մասնակիցների համար, եթե, իհարկե, այն կայծակնային բնույթ չկրի։ Երկու կողմն էլ ավելի լավ են սպառազինված, քան 1991 թվականին էր։ Դա մասնավորապես վերաբերում է Ադրբեջանին։
Հակամարտության վերսկսման դեպքում Իրանը, Թուրքիան ու Ռուսաստանը, հազիվ թե, դիտորդի դերում մնան։ Հակամարտությունը, հազիվ թե, ավարտվի միայն Լեռնային Ղարաբաղի տարածքով, որով և սպառնալիքի տակ կհայտնվի Աֆղանստանում գտնվող ամերիկյան զինծառայողների մատակարարման կարևոր երթուղիներից մեկը։
ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները) խիստ դեմ են պատերազմի վերսկսմանը։ Ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն նշել է, որ իրենք կիսում են այն ցանկությունը, որ պատերազմը չպետք է վերսկսվի։ Բայց արդյո՞ք կողմերն օժտված են քաղաքական կամքով։ Ցայժմ դա չի նկատվում։
Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղի անունից բանակցություններ վարող Հայաստանը հայտարարում են, որ աջակցում են հետխորհրդային առաջին հակամարտության կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերին։ Ոչ վաղ անցյալում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մոսկվայում իր ռուս գործընկերոջ հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարեց, որ «Ժամանակն է դա անել»։
Սակայն Ադրբեջանը նաև հայտարարում է, որ երբեք պաշտոնապես չի հանձնի իր տարածքը։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն էլ իր հերթին հայտարարում է, որ երբեք չի հրաժարվի ինքնորոշման իրավունքից։ Եվ այսպես 20 տարի շարունակ. այս քաղաքականությունը ձեռնտու է ամենավերևում կանգնածներին։
Մինչդեռ երկու կողմերի դիպուկահարներն ամեն օր կրակում են միմյանց վրա, ինչը երբեմն հանգեցնում է կորուստների։ Դա, ռազմաշունչ հայտարարությունները, պատերազմի սխալ հաշվարկը, սադրանքը պահպանում են պատերազմի վերսկսման վտանգը։
1990-ական թվականներին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի նախկին ներկայացուցիչ, ներկայումս Երևանի տեղեկատվական-վերլուծական կենտրոններից մեկի ղեկավար Թևան Պողոսյանի կարծիքով՝ պատերազմի վերսկսումն անխուսափելի է՝ «կուտակված թույնը» արտանետելու համար։ Դա կլինի պայքարի փուլերից մեկը»։










































