
Հայաստանի համար Եվրամիության 2,6 միլիարդ եվրոյի աջակցության փաթեթը տրամադրվում է քաղաքական կամ ռազմա-քաղաքական զիջումների դիմաց: Այդ մտքի զանազան վարիացիաները դրվել են շրջանառության մեջ, արդեն իսկ հարցեր առաջացնելով նաև անկեղծորեն մտահոգ քաղաքացիների շրջանում, թե արդյո՞ք Հայաստանից այդ փաթեթի դիմաց չի պահանջվելու վճարել քաղաքական որոշակի թանկ գին: Այն, որ աջակցության փաթեթի վերաբերյալ ԵՄ մտադրությունը արժանանալու էր ուժգին հակազդեցության ու տորպեդահարման ոչ միայն Հայաստանի դեմ բացահայտ թշնամական դիրքավորված պետությունների, այլ նաև Հայաստանի շահերի հանդեպ լատենտ հակառակորդ տնտեսա-քաղաքական ներքին ու արտաքին մի շարք այլ խմբերի մոտ, կասկածից վեր էր և այդ խնդրի առաջացման անխուսափելիության մասին խոսել եմ փաթեթի վերաբերյալ հայտարարությունից անմիջապես հետո:
Փաստացի, ԵՄ-Հայաստան հարաբերության նոր մակարդակի և բովանդակության դեմ արշավը ներառում է նաև տեղեկատվական այդ «խայծը», որ ֆինանսական աջակցությունը տրամադրվում է քաղաքական գնի դիմաց: Բնական է, այստեղ առաջանում են նաև անկեղծ ու անշահախնդիր մարդկանց մտահոգություններ, հատկապես նկատի ունենալով և այն, որ մենք գտնվում ենք իսկապես բավականին բարդ ռազմա-քաղաքական և աշխարհաքաղաքական միջավայրում ու այդ միջավայրում առկա ռիսկերը բավականին շոշափելի ու տեսանելի են: Ամբողջ հարցն այն է, թե արդյո՞ք կա որևէ շոշափելի կապակցվածություն դրանց, ու ԵՄ աջակցության փաթեթի միջև:
Ավելին, եթե կա որևէ կապակցվածություն, ապա հակառակ իմաստով: Այսինքն, Եվրամիության տնտեսական, ֆինանսական մեծ օգնությունը կարող է բարձրացնել Հայաստանի թե տնտեսական, թե քաղաքական դիմադրունակությունը, ժամանակի ընթացքում բարձրացնել ինքնիշխանության ներուժը: Համենայնդեպս, գոնե առայժմ հստակ տեսանելի է այդ կապի հավանականությունն ու ներուժը, դատելով ԵՄ ֆինանսական աջակցության փաթեթի բովանդակությունից, ֆինանսական հատկացումների ուղղվածությունից: Օրինակ՝ Սյունիքի դիմադրունակություն, Հյուսիս-Հարավ ռազմավարական կարևորության նախագծի շոշափելի ֆինանսավորում, հատկապես նկատի ունենալով դրա թե ռազմա-քաղաքական, թե աշխարհաքաղաքական, թե նվազագույնը ռեգիոնալ բնույթն ու Հայաստանի հետխորհրդային շրջանի առումով բացառիկությունը:
Միաժամանակ, ԵՄ ավելի քան կես միլիարդ եվրոյի աջակցություն է նախատեսում Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկատիրության համար, որը թույլ կտա ստանալ տնտեսական մեծ էֆեկտ և այդպիսով բարձրացնել երկրի տնտեսական դիմադրունակությունը, ներդրումային գրավչությունը, նաև ընդհանրապես գրավչությունը Հայաստանում ապրելու իմաստով, Հայաստանից չհեռանալու, և Հայաստան վերադառնալու իմաստով: Այլ կերպ ասած, գոնե առայժմ չկա որևէ շոշափելի հիմք եզրակացնելու, որ փաթեթն ունի քաղաքական գին, պահանջելու է Հայաստանից քաղաքական որևէ զիջում: Ըստ այդմ, գոնե առայժմ կա հիմք ասելու, որ դրա վերաբերյալ տեղեկությունները պարզունակ հակաքարոզչությունն են, ինչի նպատակն է վարկաբեկել Հայաստանում Եվրամիության կոնկրետ մտադրությունն ու հեղինակությունն ընդհանրապես, քանի որ ԵՄ քայլերը արժանացել են հասարակական մեծ արձագանքի: Իսկ նպատակը պարզ է՝ խոչընդոտել ռեգիոնում Ռուսաստանից ու Թուրքիայից բացի որևէ այլ աշխույժ խաղացողի ներգրավում, ինչը կխանգարի երկու սուբյեկտներին իրենց հարաբերության ավանդական տրամաբանությամբ ռեգիոնի բաժանումը իրականացնելու գործում, ինչը ավանդաբար էլ տեղի է ունենում հայկական շահերի ու կյանքերի հաշվին: Չունի՞ ընդհանրապես որևէ ռիսկ ԵՄ փաթեթը, կամ չի՞ կարող ունենալ քաղաքական գին: Իհարկե, անհնարին է բացառել որևէ բան, հատկապես, երբ ամբողջապես պարզ չէ իրավիճակը և կայացված չէ ամբողջական որոշում: Սակայն, խնդիրը այն է, որ այդպիսի կապակցվածության շոշափելի նշաններ, վկայություն, կամ հիմնավոր կասկած առաջանալու դեպքում Հայաստանի հանրությունն ինքը՝ առանց կողմնակի քարոզչական օգնության, կտա հարցերը, կանի եզրակացությունը, և կներկայացնի անվտանգության պահանջները քաղաքական ղեկավարությանը: Հայաստանի անվտանգության խնդիրները, հատկապես ավերիչ պատերազմից հետո, ասեղ չեն, որ կարողանա թաքցնել որևէ քաղաքական ղեկավարություն: