Грузия Online-ի փոխանցմամբ՝ «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու կառուցման շրջանակներում երկու շաբաթ անց մեկնարկելու են Ախալքալաքի եզակի երկաթուղային կայարանի կառուցման աշխատանքները։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ենթակառույցների ու տարածաշրջանային զարգացման նախարար Ռամազ Նիկոլաիիշվիլին։
Վերջինս հայտարարել է, որ ԲԹԿ-ն ունի ռազմավարական նշանակություն։ Նա հիշեցրել է, որ ԲԹԿ-ն հաղթել է այս տարի Նյու Յորքում անցկացված 100 նախագծերի մրցույթում։
Ադրբեջանական Азерромсервис ընկերության դիտորդ խորհրդի նախագահ Ջավադ Ղուրբանովն իր հերթին ընդգծել է, որ այս նոր երկաթուղուն «անհամբերությամբ» սպասում են ողջ Եվրոպայում. «Այս ճանապարհը Թուրքիայի միջոցով մեզ կմիացնի Եվրոպայի հետ։ Այս նախագծի իրագործումը շատ կարևոր է տարածաշրջանի համար»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին էլ Նիկոլաիշվիլին հայտարարել էր, թե ԲԹԿ-ի կառուցումը կավարտվի 2012 թվականին. «Այս նախագիծը կարևոր է Վրաստանի ենթակառույցների զարգացման համար։ Չինաստանից եկող բեռներն այս երկաթգծով կարճ ժամանակում Վրաստանի տարածքի միջոցով կհայտնվեն եվրոպական շուկաներում»։
2007 թվականի փետրվարի 7-ին Վրաստանի մայրաքաղաքում Հայաստանի չորս հարևաններից երեքը՝ Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան, ստորագրեցին «Թբիլիսյան հռչակագիրը» միմյանց միջև հաղորդակցային և էներգետիկ համագործակցության խորացման մասին:
Այդ պայմանավորվածությամբ նախատեսվում էր կառուցել Թուրքիան (Կարս) Վրաստանին (Ախալքալաք) կապող 98 կիլոմետր ընդհանուր երկարությամբ երկաթգիծ, որից 68 կիլոմետրը՝ թուրքական տարածքում, իսկ 30 կիլոմետրը՝ վրացական տարածքում: Բացի այդ, պետք է արդիականացվեր երկաթգծի վրաց-ադրբեջանական հատվածը:
Երկաթգծի թողունակությունը կազմելու է տարեկան 30 միլիոն տոննա բեռնափոխադրություն («Գյումրի-Կարս» երկաթգծի դեպքում այդ ցուցանիշը կազմում էր 10 միլիոն տոննա)։
2007 թվականին Ադրբեջանը համաձայնել էր Վրաստանին տրամադրել 200 միլիոն դոլարի վարկ ԲԹԿ-ի վրացական հատվածի կառուցման համար։ Այն ժամանակ ԲԹԿ-ի նախագիծը գնահատվում էր 600 միլիոն դոլար։
Սակայն երբ վերջին շրջանում հայտնի դարձավ, որ ԲԹԿ-ի նախագիծը կրկնակի թանկացել է՝ հասնելով 1.2 միլիարդ դոլարի, Ադրբեջանը ստիպված եղավ հավելյալ 575 միլիոն դոլարի վարկ տրամադրել Վրաստանին՝ վարկի ընդհանուր գումարը հասցնելով 775 միլիոն դոլարի։










































