Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սաֆար Աբիևն ու Անատոլի Սերդյուկովը երեկ քննարկել են Ադրբեջանի տարածքում գտնվող և Ռուսաստանի կողմից վարձակալված Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) օգտագործման հեռանկարները։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար, փոխգնդապետ Իրինա Կովալչուկը լրագրողներին հայտարարել է, որ Պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի ռազմական համագործակցությանն առնչվող այժմեական խնդիրներ՝ հատուկ ուշադրություն հատկացնելով Գաբալայի ՌՏԿ-ի օգտագործման հեռանկարներին։
Հիշեցնենք, որ վերջին անգամ Աբիևն ու Սերդյուկովը Գաբալայի ՌՏԿ-ի հարցը քննարկել էին հուլիսի 25-ին, Բաքվում։ Ադրբեջանը ներկայումս հանդես է գալիս նորանոր առաջարկներով՝ կապված Գաբալայի ՌՏ-ի վարձակալության պայմանագրի ժամկետի երկարաձգման հետ։ Ադրբեջանը մտադիր է ավելացնել Գաբալայի ՌՏԿ-ի վարձավճարը, սակայն ճշգրիտ գումարի մասին դեռ չի նշվում։
Դրա հետ մեկտեղ, ադրբեջանական իշխանությունները փորձում են հասնել ՌՏԿ-ի կայանին տրամադրվող էլեկտրաէներգիայի վճարի և ՌՏԿ-ի անձնակազմի կազմում տեղացի կադրերի ավելացմանը։ Պետք է ավելացվի նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վճարվող փոխհատուցման վճարը, որը սահմանված է նրա համար, որ Ադրբեջանը զրկված է տվյալ լեռնային շրջանում զբոսաշրջության զարգացման հնարավորությունից։
«Դարյալ» տիպի Գաբալայի ՌՏԿ-ն շահագործման է հանձնվել 1985 թվականին: 2002 թվականին Ադրբեջանն այն վարձակալությամբ հանձնել է Ռուսաստանին, որը դրա դիմաց տարեկան 14 միլիոն դոլար է վճարում նրան:
Գաբալայի ՌՏԿ-ի հեռահարությունը կազմում է 6000 կիլոմետր: Այսինքն՝ նրա տեսադաշտում են գտնվում Իրանը, Թուրքիան, Հնդկաստանը, Մերձավոր Արևելքը, ինչպես նաև Հնդկական օվկիանոսն ու Ավստրալիայի մի մասը:
Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության ժամկետն ավարտվում է 2012 թվականի օգոստոսին։ Կայանում աշխատում են 1400 ռուս զինծառայողներ։








































