Որպեսզի բիզնեսները չտրոհվեն մի քանի մասերի պակաս հարկ վճարելու համար ՀՀ կառավարությունը օրենսդրական նախաձեռնություն է մշակել։
Բիզնեսների տրոհման ու այդ ճանապարհով հարկերից խուսափելու մասին նախօրեին կառավարության նիստի ժամանակ խոսեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Ըստ Փաշինյանի, ցավոք կառավարության կատարած մի շարք բարեփոխումներ չարաշահվում են։ Երբ ներդրվեց միկրոբիզնեսի համակարգը, որի նպատակը փոքր ընկերություններին աջակցելն էր, որպեսզի նրանք հեշտությամբ դառնան ավելի խոշոր եւ հաջողակ, այդ սեգմենտի համար տարբերակված եկամտային հարկի ցուցանիշ էր սահմանել, էլի նպատակ ունենալով աջակցել փոքր բիզնեսին, որ խոշորանա, բայց հիմա պարզվում է, որ, օրինակ, տարեկան 100 միլիոն շրջանառություն ունեցող ընկերություններն այսօր օրենսդրական փոփոխության արդյունքում իրենց բիզնեսը կիսվում են չորս մասի և դառնում չորս հատ միկրոձեռնարկատիրական ընկերություն, որը, ըստ Փաշինյանի, կառավարության բարեփոխման նպատակին չի համապատասխանում.«Մենք այս թեմային պիտի անդրադառնանք, որպեսզի թույլ չտանք հարկային չարաշահումներ եւ մենք ունենք արդեն մշակած օրենքի նախագիծ և պետք է այդ ուղղությամբ գնանք առաջ։ Մեր նպատակն այն չէ, որ խոշորները տրոհվեն, դառնան մանր որպեսզի պակաս հարկ վճարեն։ Մեր նպատակը հակառակն է։ Մենք պետք է գործուն միջոցներ ձեռնարկենք հարկային չարաշահումները թույլ չտալու համար, բայց իհարկե, քննարկումները պետք է լինեն ներառական, որպեսզի մենք կարգավորումներ անելիս լինենք շատ թիրախային եւ նպատակներին հասնելու ուղիները ճիշտ պլանավորենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
«ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ, գործարար Սամսոն Գրիգորյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այո, տնտեսվարողները շատ հաճախ են դիմում նման քայլերի, խոշոր բիզնեսը տրոհում են մի քանի մկկրոբիզնեսների մեջ, ավել հարկեր չվճարելու համար, բայց կառավարության կողմից օրենսդրական ճանապարհով հնարավոր չի լինի խնդիր լուծել։ Կառավարությունը չի փորձում խնդիրը հիմնովին վերացնել, այլ փորձում է հատվածային լուծումներ տալ, որոնք խնդիրներ կստեղծեն բիզնեսի համար, խնդիրներ կստեղծեն պետության համար և առանձնապես դերակատարում չեն ունենա հարկերի հավաքագրման վրա։ Գրիգորյանի խոսքով անգամ նման օրենսդրական կարգավորման դեպքում էլ հարկերից խուսափող տնտեսվաորղը ճանապարհ կգտնի էլի խուսափելու լրացուցիչ հարկ վճարելուց։ Նման օրենսդրական կարգավորումները չեն նպաստում, որպեսզի բիզնեսդաշտը, հարկային դաշտը առողջ լինի։ «Փոքր ու միջին բիզնեսը նման քայլի չի գնում։ Խոշորն է տրոհվում փոքրի ու միջինի։ Բայց հիմա էլ Կառավարությունը, ՊԵԿ-ը ունի գործիքակազմ դրա դեմ պայքարելու։ Դա կոչվում է փոխկապակցում, որի ժամանակ հայտնաբերվում են այն բիզնեսները, որոնք իրականում տրոհվել են և հնարավոր է դառնում դրա դիմացն առնել։ Հիմա չգիտեմ կառավարությունը ոնց է պատրաստվում դրա դեմն առնել, ինչ նախագիծ է մշակել, բայց իմ կարծիքով լավագույն ձևը կլիներ ընդհանուր հարկային դաշտը պարզեցնել, շեմերը վերացնել, բոլորը աշխատեին մեկ հարկման միջոցով և այս խնդիրները կվերանային։ Ցավոք կառավարությունը որոշեց գնալ հակառակ ուղղով»,-ասաց Գրիգորյանը։
Մեր դիտարկմանը՝ հարկային ներկայիս կարգավորումները խոշոր բիրզնեսի համար խնդրահարո՞ւյց են, որ խոշոր բիզնեսը գնում է նման քայլի, թե նպատակը գերշահույթներ ստանալն է, մեր զրուցակիցը պատասխանեց՝ երբեք չես կարող ասել, թե իրական պատճառը որն է։ Այո, մի բիզնեսի համար խնդիր է, մեկ ուրիշի համար՝ գերշահույթ ստանալու նպատակ, բայց մանր բիզնեսի համար դա իսկապես խնդիր է.«Այսօրվա դրությամբ ընդհանուր հարկման դաշտ՝ ԱԱՀ-ի դաշտ անցնելուց վախենում են, քանի որ ահավոր բարդ է, ահավոր ծախսատար է։ հարկավոր է թանկ վճարվող հաշվապահներ, որոշ դեպքերում նույնիսկ իրավաբաններ և դա մանր բիզնեսն իրեն թույլ տալ չի կարոող։ Բայց անգամ այդ պայմաններում նոր օրենսդրական նախաձեռնությամբ կառավարությունը ոչ թե խնդիր է լուծելու, այլ ուղղակի ավելի կսեղմի բիզնեսի օղակը, բիզնեսն ավելի վերահսկելի կդառնա, բայց էլի միջոցներ կգտնվեն խուսափելու հարկերից։ Այն հարկատուն, որը փորձում է հարկերից խուսափել, էլի կշարունակի խուսափել հարկեր վճարելուց»,-ասաց Գրիգորյանը՝ ավելացնելով, որ օպտիմալ լուծումը կլիներ պարզեցված, մեկ հարկային դաշտը, որտեղ մարդը կվճարեր այնքան հարկ, որքան եկամուտ էր ստացել։ Ոչ թե կառանձնացվեր միկրոբիզնեսի, փոքր բիզնեսի և խոշոր բիզնեսի հարկերը, կսահմանվեր շրջանառության հարկ, միկրոբիզնեսի դաշտ և ԱԱՀ-ի դաշտ.«Իմ կարծիքով այսօր մեր խնդիրները այս երեք տարբերակված հարկերի պատճառով են մեր բոլոր խնդիրները հարկահավաքման հետեն կապված։ Սրանք որ չլինեին ավելի դյուրին կլիներ, ավելի հեշտ կլիներ, ավելի թափանցիկ կլիներ ամեն ինչ»,-եզրափակեց Սամսոն Գրիգորյանը։









































