ՀԱԿ-իշխանություն երկխոսությունն արդեն հասել է հինգերորդ ռաունդին, սակայն նախօրեի դեպքերից հետո, երբ ձերբակալվեցին ՀԱԿ ակտիվիստները, ՀԱԿ շատ անդամներ հայտարարում են, որ իշխանությունների հետ երկխոսությունը շարունակելն այլևս անիմաստ է:
«Առաջին լրատվականի» հետ զրույցում ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը կարծիք հայտնեց, որ երկխոսության ֆորմատը շատ ճիշտ է ընտրված, և առանձին քաղաքական գործիչների հայտարարությունները չեն կարող ազդել երկխոսության ընթացքի վրա. «Այն, որ շաբաթը երկու անգամ հանդիպումներն ինտենսիվ շարունակվում են, թույլ է տալիս ենթադրելու, որ երկխոսությունը կշարունակվի»:
Մարգարյանը նաև նկատեց, որ քննարկումներն ավելի կակտիվանան ՀԱԿ-ի՝ բիզնես ունեցող 76 պատգամավորի անունները ներկայացնելուց հետո: Մարգարյանը նշեց, որ իր անունը ևս կա այդ ցուցակում, ինչը ակնհայտ զրպարտություն է. «Բացի պատգամավորական գործունեությունից, ես որևէ բիզնեսով չեմ զբաղվում: Իմ ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերը բաց են, ՀԱԿ-ը կարող է ծանոթանալ և եթե գտնի ինձ պատկանող գոնե մեկ կրպակ Հայաստանում կա Հայաստանից դուրս, ապա ես պատրաստ եմ այն նվիրել ՀԱԿ-ին»:






































