Գյումրիի Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը երեկվանից անժամկետ գործադուլ է հայտարարել, որը մինչ օրս շարունակվում է:
Պատկերասրահի աշխատակազմը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է. «Գյումրիի «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահն» անժամկետ դադարեցնում է իր աշխատանքը ։ Պատճառը շուրջ մեկ շաբաթ տևող պատկերասրահի անձնակազմի կողմից վերհանված խնդիրների լուծումների նկատմամբ անտարբերությունն է։
Մենք հորդորում ենք Գյումրու բոլոր պետական և ոչ պետական կառույցներին այս ծանր և օրհասական ժամերին կանգնել Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» ողջ անձնակազմի կողքին՝ առաջացած լուրջ խնդիրների լուծման համար»:
Պատկերասրահի տնօրենի արդեն նախկին պաշտոնակատար Միքայել Վարդպարոնյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նման կտրուկ քայլի պատճառն այն է, որ քաղաքապետարանը իրեն սեփական դիմումի համաձայն ազատել է աշխատանքից:
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ տնօրեն Միքայել Վարդպարոնյանի որոշմամբ կրճատվել է քաղաքապետի ընկերոջ աղջիկը, ընդ որում, սեփական դիմումի համաձայն: Նա աշխատում էր որպես զբոսավար:
Քաղաքապետարանից պատկերասրահի տնօրենին առաջարկել են զբոսավարին վերադարձնել աշխատանքի, որպեսզի զբոսաշրջության այս ընթացքում պատկերասրահը խնդիրներ չունենա, տնօրենն էլ համաձայնել է:
Բացի այդ, տնօրենից պահանջել են, որ նա դուրս գա իր երկրորդ աշխատանքից (երեկոյան ժամերին օդանավակայանում աշխատում է որպես մենեջեր), ինչին ևս տնօրեն Վարդպարոնյանը համաձայնել է: Սակայն նրանից պահանջել են նաև աշխատանքի վերականգնված աշխատակցուհու համար ապահովել շատ լավ պայմաններ և աշխատանքից հեռացնել այն աշխատակցուհուն, որի հետ նա կոնֆլիկտ է ունեցել:
Վարդպարոնյանի խոսքով, ինքը չի կարող աշխատանքից հեռացնել մեկին, որը 17 տարի է աշխատում է պատկերասրահում, փոխարենը վերադարձնել մեկին, որն այդքան էլ չի համապատասխանում իր զբաղեցրած հաստիքին:
Ի դեպ, քաղաքապետարանն արդեն պատկերասրահի նոր տնօրեն է նշանակել, սակայն կոլեկտիվը պահանջում է վերականգնել հին տնօրենին:
Վարդպարոնյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցումնշեց, որ մինչ այս պահը քաղաքապետից և քաղաքապետարանից որևէ արձագանք չկա. «Քաղաքապետարանի նպատակը անձնական և ամբիցիոզ մոտեցումն է խնդրին, որի հետևանքները այսօր ունենք: Քանի որ քաղաքապետարանն առաջնորդվում է անձնական ամբիցիաներով, իսկ մեր մոտեցումներն ինստիտուցիոնալ ու կառուցողական են, բնականաբար, մեր կարծիքները չէին կարող համընկնել:
Չնայած, որ մեր կողմից բոլոր հնարավոր առաջարկները եղել են խնդրի նորմալ լուծման, այդ թվում նաև մրցույթի անցկացում, որը կշրջանցեր բոլոր այս խնդիրները, բոլոր խնդիրները կլուծվեին մրցույթ հայտարարելով: Բայց քանի որ խնդիրը անձնական ու ամբիցիոզ, ունենք այն, ինչ ունենք»:
Հարցին, թե ավելի շատ քաղաքապետ-թանգարանի տնօրեն հարթության մե՞ջ է խդնիրը և արդյոք սա վրեժխնդրություն է, պատկերասրահի նախկին տնօրենն ասաց. «Կարող եմ ենթադրել, որ վրեժխնդրության տրամաբանությունն է գործում: Այսօր Թանգարանը փակ է, չի աշխատում, կոլեկտիվը պահանջում է արդարացի լուծում, որովհետև արդարության մթնոլորտը պղտորված է: Թանգարանը չաշխատելով ֆինանսական կորուստներ ունենում է, սակայն տուրիստական այս շրջանում կոլեկտիվը փորձում է շատ չնեղացնել մեր զբոսաշրջիկներին, այցելուներին: Դարպասի մոտ դիմավորում են, բացատրում են խնդիրը և բացիկի տեսքով նվեր են տալիս, որպեսզի շատ չնեղացնենք մեր այցելուներին»:
Նա նաև տեղեկացրեց, որ երեկ արդեն նոր տնօրենին ներկայացրել են կոլեկտիվին. «Բայց կոլեկտիվը չընդունեց և իմ ունեցած տեղեկություններով, նշանակված տնօրենը ևս հրաժարվել է այդ պաշտոնից»:










































