Մի քանի ամիս տևած ժողովրդավարական դրախտը հայաստանյան Ֆեյսբուքում այսօր իր ավարտին է մոտեցել: Օգտատերերի գրառումների համար փակվել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի էջը: Այժմ այստեղ երևում են միայն այն գրառումներն ու հղումները, որոնք տեղադրված են էջի ադմինիստրացիայի կողմից, իսկ քաղաքացիները կարող են լոկ մեկնաբանել դրանք: Բոլոր հին գրառումները` մի քանի հազար, այլևս չեն երևում:
Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ էջը ակտիվորեն գովազդվում էր Ֆեյսբուք սոցիալական ցանցում և օգոստոսի 10-ի դրությամբ հասցրել էր ձեռք բերել մոտ 17,500 անդամ (like):
Բացի ամենամարդաշատներից մեկը լինելուց, պարոն Կարապետյանի էջը թևրևս ամենաթեժերից էր: Այստեղ մարդիկ տեղադրում էին քաղաքապետարանի աշխատանքների մասին պատմող վերջին նորություններն ու ակտիվորեն քննարկում դրանք, հայտնում իրենց համայնքին կամ ողջ քաղաքին առնչվող զանազան խնդիրների շուրջ իրենց մտահոգություններն ու ցանկությունները, վիճարկում անցանկալի որոշումներն ու գործողությունները, տեղեկացնում հրատապ լուծման կարոտ բազմաթիվ հարցերի մասին: Քիչ չէին նաև շնորհակալական, հիացական կամ գովաբանական գրառումները, որոնք ակնհայտորեն պատվիրված բնույթ չէին կրում, ինչպես հաճախ է պատահում:
Այդուհանդերձ, քաղաքապետարանի աշխատակիցները զուտ ֆիզիկապես երբեք չէին հասցնում արձագանքել բոլոր գրառումներին: Հարկ է նշել նաև, որ ոչ մի գրառում էջից սկզբունքորեն չէր ջնջվում: Եվ ահա, մոտ մեկ ամիս առաջ, երբ ֆեյսբուքցիների բառի բուն իմաստով գրոհ նախաձեռնեցին էջի պատին` պահանջելով դադարեցնել թափառող շների սպանդը, քաղաքապետարանի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանը էջում սպառնաց, որ իրենց համբերությունն անսպառ չէ, և որ պատը այլոց համար կարող է փակվել:
Վերջին մի քանի օրերի իրադարձությունները, երբ նախ անասելի աղմուկ բարձրացավ Վերնիսաժում տիրող բարքերի մասին պատմող տեսանյութերի հրապարակումից հետո, ապա և օգոստոսի 10-ին Փափազյան փողոցի կրպակները բռնի ուժով ապամոնտաժելու հետ կապված, թերևս հենց այդ վերջին կաթիլն էին` շատերի կողմից արդարացիորեն ժողովրդավարական կղզյակ որակվող էջը այլոց գրառումների համար անհասանելի դարձնելու համար:
Կարծում ենք` քաղաքապետարանում գիտակցում են, որ իրենց այս որոշումն ավելի շատ բացասական, քան դրական հետևանքներ է ունենալու: Ինչպես ժողովրդական առածն է ասում` պար մտնողը պիտի շորորա:
Հ.Գ. Այն բանից հետո, երբ այս հրապարակումը մեծ տարածում էր գտել և մեկ գիշերվա մեջ արդեն 800-ից ավելի դիտում ունեցել, քաղաքապետարանը տեղի տվեց: Էջի պատն արդեն բաց է գրառումների համար: Ուրախ ենք, որ մեր օպերատիվությունը այսպիսի արդյունք տվեց և հույս ենք հայտնում, որ այդպիսի ծայրահեղ որոշումներ կայացնելիս պարոն Կարապետյանն ու նրա թիմը այսուհետ երկար ծանրութեթև կանեն:









































