
Ռուսաստանը զգալի և էական ներդրում ունի Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում հակամարտությանը հաջորդող շրջանում ականազերծման գործընթացում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ տարածքների ականազերծման խնդիրը հանդիսանում է ցանկացած զինված հակամարտության ամենավտանգավոր և դժվար վերացող հետևանքներից մեկը։
«2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուս խաղաղապահների ջանքերով հայտնաբերվել է շուրջ 26 000 պայթյունավտանգ առարկա և մաքրվել է շուրջ 2 000 հեկտար տարածք, ստուգվել է ավելի քան 2000 շենք և 650 կմ ճանապարհ։ Նման միջոցառումներ են ձեռնարկվում նաև ՌԴ ԱԻՆ-ի գծով։ Այս տարվա հունվարի 4-ից ադրբեջանական կողմի հետ համաձայնեցմամբ ռուս մասնագետներն Աղդամի շրջանում ուսումնասիրել են 550 հա տարածք և վնասազերծել են 18 000 պայթյունավտանգ առարկա»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ Երևանի և Բաքվի հետ պարբերական շփումների ընթացքում, այդ թվում՝ բարձր մակարդակով, Մոսկվան կոչ է անում համագործակցել ականազերծման հարցերում, այդ թվում՝ ականադաշտերի մասին տեղեկատվության փոխանակման միջոցով։
«Ռուսաստանի ԱԳ նախարարն այդ թեման քննարկել է Երևան և Բաքու կատարած այցի ընթացքում՝ մայիսի առաջին տասնօրյակում։ Մենք ակնկալում ենք, որ այդ գործընթացը կարագացվի։ Մոսկվան հետևողականորեն կոչ է անում, որ հումանիտար նշանակություն ունեցող բոլոր հարցերը, այդ թվում՝ ռազմագերիների, պահվող անձանց, զոհերի մարմինների վերադարձը, անհետ կորածների ճակատագրի պարզաբանումը, լուծվեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններին խիստ համապատասխանությամբ, և որ դա կատարվի ամենաօպերատիվ կերպով և առանց որևէ նախապայմանի»,- հավելել է Զախարովան։