Ռուսաստանը և Թուրքիան բարձր են գնահատել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման միացյալ կենտրոնի գործունեությունը, չորեքշաբթի հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն միջգերատեսչական խորհրդատվությունների արդյունքների ամփոփումից հետո։
Երեքշաբթի Մոսկվայում տեղի են ունեցել ռուս-թուրքական միջգերատեսչական խորհրդակցություններ Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալի հետ: Ռուսական կողմից խորհրդակցություններին մասնակցել են ՌԴ արտաքին գործերի փոխնախարարներ Սերգեյ Վերշինինը, Ալեքսանդր Գրուշկոն և Անդրեյ Ռուդենկոն:
«Անդրկովկասում, Ուկրաինայում և Կենտրոնական Ասիայում առկա իրավիճակի քննարկման համատեքստում հայտարարվել է փոխադարձ դիրքորոշում` հետագա ջանքերը համակարգելու՝ ի շահ այդ տարածաշրջանների խաղաղության և կայունության ամրապնդման: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքը Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ:
Դիտարկվել են նաև Սիրիայի, Լեռնային Ղարաբաղի, պաղեստինա-իսրայելական և տարածաշրջանային այլ ճգնաժամերի միջազգային նորմերի հիման վրա դրանց կարգավորման քաղաքական ասպեկտները և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերը: