Ինչպես ցույց են տալիս անցած շաբաթվա վերջին ամերիկյան Gallup հետազոտական կենտրոնի անցկացրած հերթական ուսումնասիրության արդյունքները, հայաստանցիների 75 տոկոսը աջակցում է Ռուսաստանի ղեկավարների որդեգրած քաղաքականությանը:
Պատմական ի՞նչ հիմքեր ունի այս ավանդույթը, որտեղի՞ց է գալիս և ինչի՞ն է միտված. այս հարցերի շուրջ «Առաջին լրատվականը» զրուցեց պատմաբան-հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ.
«Ընդհանրապես, ուշ միջնադարում հայկական ամբողջ քաղաքական միտքը հիմնականում ուղղված է եղել նրան, որ Արևմուտքից քրիստոնյա ազգերը պիտի գան և ազատեն հայերին մահմեդական տիրապետությունից։ Այս ազատագրական լեգենդի մասին մի ամբողջ գիրք կա գրված. դրանում հայտնվել են նաև ռուսները։ Այսինքն՝ ծագումնաբանորեն եթե վերցնում ենք, դա ոչ թե ռուսամետություն է, այլ ընդհանուր քրիստոնեամետություն»։
Խոսելով ռուսամետության այսօրվա դրսևորումներից՝ Հ.Տեր-Աբրահամյանը նշեց, որ այն նախ և առաջ խորհրդային տարիների մնացորդ է.
«Եթե այսօրվա դրսևորումներն ենք վերցնում, ապա ռուսամետությունը նախևառաջ սովետական պրոպագանդայի մնացորդն է. վերջինս մեր ամբողջ պատմությունը ներկայացրել է որպես ռուսների կողմից փրկություն. սա գիտական մոտեցում չի, այլ առասպելաբանություն է՝ միֆոլոգիա, թե իբր կա շատ լավ Ռուսաստան, որը միշտ փրկում է հայերին։ Մենք չենք վերլուծում, թե ինչու է Ռուսաստանը դա անում, և ապա՝ մեծ հաշվով մենք գտնվում ենք Ռուսաստանի ինֆորմացիոն դաշտի հարթության տակ, և դա է ազդում մարդկանց մտածողության վրա։
Օրինակ՝ ռուս-վրացական պատերազմի մասին տեղեկությունները մեր բնակչության մեծ մասը ստանում էր հենց ռուսական վարկածների տեսքով, հետևաբար՝ այդ մնացորդը մնում է, և գումարած այն կոնֆլիկտները, որ մենք ունենք հարևանների հետ, դա էլ իր հերթին է կոնսերվացնում վիճակը։
Մենք իրականում անկախացել ենք Ռուսաստանից, բայց մեր հիմնական թշնամին մնում է թուրքը։ Տրամաբանական կլիներ, եթե մենք ավելի շատ Ռուսաստանի հետ խնդիրներ ունենայինք, բայց մենք խնդիրներ ունենք Թուրքիայի հետ, և այդ վախը թուրքերից կոնսերվացնում է ռուսական պաշտպանի միֆը։
Թե որքանով է մեր քաղաքական կյանքը ռուսականացված՝ պատմաբանի կարծիքով մեր քաղաքական ու մշակութային համակարգերը ռուսականի պարզ պատճենն են.
«Մեր այսօրվա քաղաքական, մշակութային համակարգը ռուսականի պատճենն է, և քանի դեռ մենք գտնվում ենք Ռուսաստանի ազդեցության տակ, շատ դժվար կլինի փոխել այդ համակարգերը։
Բավական է հայացք նետել նախկին սովետական տարածքի վրա ու կտեսնենք, թե որ երկրներն են բարգավաճում ու զարգանում. դրանք այն երկրներն են, որոնք Ռուսաստանի ազդեցությունից դուրս են եկել։
Իսկ այն երկրներըը, որոնցում մեզ պես խնդիրներ կան՝ օրինականության, մշակույթի, ժողովրդավարության հետ կապված, դրանք հիմնականում այս կամ այն չափով ռուսական ազդեցության տակ են, այսինքն՝ ռուսական ազդեցությունն անմիջական կապ ունի մեր հետամնացության հետ»։
«Առաջին լրատվականի» հարցին, թե հայկական իշխանությունների գործունեությունը որքանով է պայմանավորված Ռուսաստանի իշխանությունների որդեգրած ուղղություններով, Հ. Տեր-Աբրահամյանը պատասխանեց.
«Ռուսական իշխանությամբ պայմանավորված է այս տիպի իշխանությունը, և՝ հակառակը։ Սա փակ շղթա է, որտեղ երկուսն էլ իրարով փոխպայմանավորված են։ Քոչարյանի ու Պուտինի զուգահեռ վերելքը պատահական չէր, սա տեղական պուտինիզմ է»։










































