Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ադրբեջանը հանդգնում է ներխուժել աշխարհում հզորությամբ 2-րդ ռազմական ուժն ունեցող պետության` ՌԴ-ի ռազմավարական դաշնակցի` ՀՀ-ի պետական տարածք` խախտելով միջազգային իրավունքով ճանաչված նրա տարածքային ամբողջականությունը և սահմանները։ Այս իրադարձությունները տեղի են ունենում Արցախյան պատերազմից հետո, երբ ՀՀ-ն առավելագույնս թուլացած է և այն ժամանակ, երբ ՀՀ-ում, ըստ էության, կառավարությունը հրաժարական է տվել, իսկ խորհրդարանը արձակվել է։ Միևնույն ժամանակ այս իրադարձությունները տեղի են ունենում Երևան, այնուհետև` Բաքու ՌԴ արտգործնախարար Լավրովի այցից հետո, որի օրակարգը խաղաղության հաստատումն էր, սակայն դրանից հետո լարվածությունը կտրուկ աճեց` հանգեցնելով ընդսմին զինված ներխուժման ինքնիշխան պետության տարածք։
Այս ամենի ֆոնին ՀՀ-ն դիմում է ՀԱՊԿ-ին, այն էլ առաջին անգամ, որ վերջինս կատարի իր պայմանագրային պարտականությունները։ Ադրբեջանի բարբաջանքը միջանցքի տրամադրման հարցն է, որից ՀՀ-ն հրաժարվում է։ Իսկ ՌԴ-ին, իր շահերի իրացման առումով, պետք է ավելացնել ռազմական ներկայությունը ՀՀ-ում, մասնավորապես` Սյունիքում (նոր ռազմաբազա), ինչի մասին պատերազմից հետո շատ է խոսվել։ Իսկ ադրբեջանական այս ներխուժումը հարմար առիթ է ՌԴ-ի համար մեզ վերահաս աղետից “փրկելու” նպատակով ապահովել իր ավելի ամբողջական ռազմական ներկայությունը Սյունիքում մեր իսկ խնդրանքով, քանի որ մենք արդեն դիմել ենք ՀԱՊԿ-ին։ Այն, որ այս գործողությունների արդյունքում որևէ միջանցք Ադրբեջանը չի ստանալու, դա անկասկած է, քանի որ միջանցքը ձեռնտու չէ ոչ ոքի, բացի ադրբեջանաթուրքական տանդեմից։ Միջանցքի մասին խոսք չկա նաև եռակողմ հայտարարության մեջ։ Ըստ էության, խնդիրը Սյունիքի վրա վերահսկողության սահմանումն է, քանի որ նրա կոմունիկացիոն ներուժը աշխարհաքաղաքական հեռանկարային նշանակություն ունի։ Այսինքն` ով կվերահսկի հաղորդուղիները, նա էլ կլինի իրական գործոն և կունենա աշխարհաքաղաքական կշիռ։
Ասել եմ և կրկնեմ, որ ՀՀ տարածքը և դրանով անցնող ցանկացած (ենթադրյալ) հաղորդուղի պետք է լինի բացառապես ՀՀ վերահսկողության տակ, ինչը կմեծացնի մեր կշիռը և շունչ կտա Հայաստանին։ Ահա այս հնարավորությունը վիժեցնելուն են ուղղված բոլոր ներքին և արտաքին սպառնալիքները, որոնց այսօր բախվում է մեր պետությունը։ Թնջուկը Սյունիքում է։
Ուստի` առանց արտաքին քաղաքականության հավասարակշռման, ինչը կայունության երաշխիք է, ուղղակի անհնար է իրացնել սեփական ազգային շահերը և գործել դրանց տրամաբանությանը համահունչ։ ՀՀ-ն պարտավոր է գնալ շահերի հավասարակշռման ճանապարհով, հակառակ դեպքում կդառնա ուրիշների շահերն իր շահերի հաշվին սպասարկող սերվիլ պետություն։









































