ՄԱԿ-ը փոխել է 2021 թվականի ՀՆԱ աճի կանխատեսումները․ հունվարի 4.7 տոկոսի փոխարեն՝ 5.4 տոկոս։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության զեկույցում: Աճի միտումները պայմանավորված են ԱՄՆ և Չինաստանի տնտեսական ակտիվությամբ, և ընդհանուր առմամբ համավարակի նահանջից հետո համաշխարհային տնտեսության ամրապնդմամբ: Համաշխարհային առևտրի ծավալներն արդեն հասել են մինչհամավարակային մակարդակին, նշվում է զեկույցում:
Նկատվում է նաև տնտեսական զարգացման ոչ համաչափ միտում աշխարհի տարբեր անկյուններում: Օրինակ՝ Հարավային Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ծոցի երկրներում ՀՆԱ աճը համարվում է «փխրուն և անորոշ», իսկ Եվրոպայի համար՝ «համեստ»: Պատճառը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի անհամաչափ բաշխվածությունն է: «COVID-19 -ի պատվաստանյութի համընդհանուր հասանելիությունը կնշանակի համավարակի դադարեցում և համաշխարհային տնտեսության զարգացում»,-նշված է զեկույցում: