Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Nabucco Gas Pipeline İnternational GmbH կոնսորցիումի գործադիր տնօրեն Ռեյնհարդ Միտչեկը խոսել է Nabucco գազատարի նախագծի իրագործման ժամկետների շուրջ.
«Nabucco գազատարի կառուցման ժամկետը համաձայնեցված է գազ արդյունահանողների հետ։ Կոնսորցիումն այս տարվա առաջին եռամսյակին հայտարարել է, որ Nabucco գազատարով գազի արտահանումը տեղի է ունենալու 2017 թվականին, և դրանով արտահանվելու է ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակման երկրորդ փուլի ժամանակ արդյունահանվելիք գազը։
Գազատարի երթուղին բոլոր տեսանկյուններից ամենահարմարավետն ու ընդունելին է. դրանով կասպյան ավազանի գազը Թուրքիայի տարածքի միջոցով կփոխադրվի Եվրոպա։ Nabucco-ն կհանդիսանա Հարավային գազային միջանցքի ենթակառույցների զարգացման ֆլագմանը։
Ներկայումս գազատարի բաժնետերերը բանակցում են գազամատակարարների հետ, և այդ գործընթացում առկա է առաջընթաց։ Դրա համար էլ մենք վստահ ենք, որ գազամուղի կառուցումը մեկնարկելու է 2013 թվականին, իսկ գազի առաջին արտահանումն իրականացվելու է 2017 թվականին»։
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Թուրքիայի Կայսերի (Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայրենի) քաղաքում տեղի է ունեցել Nabucco Gas Pipeline International GmbH կոնսորցիումի և Nabucco գազատարի նախագծին աջակցող տարանցիկ երկրների (Ավստրիա, Բուլղարիա, Հունգարիա, Ռումինիա և Թուրքիա) միջև համաձայնագրի ստորագրումը։
Այն ժամանակ Միտչեկը նշել էր, որ այդ համաձայնագրի ստորագրումը կամրապնդի Nabucco գազատարի նախագծում տարանցիկ երկրների կառավարությունների հետ իրենց համագործակցությունը։