ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը այսօր մեզ հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե կուսակցությունը պատրաստվո՞ւմ է ընտրություններին, արձագանքեց, որ ՀՀԿ-ն ընտրություններին սկսում է պատրաստվել ընտրությունների հենց հաջորդ իսկ օրը:
«Դա առանձնակի գործողություններով կամ քայլերով պայմանավորված չէ: Դա մեր ամենօրյա աշխատանքն է, որ իրականացնում ենք: Այսինքն՝ եթե որոշ քաղաքական ուժեր ակտիվանում են ընտրությունների նախաշեմին, մենք մեր ամենօրյա աշխատանքով ենք մեր ակտիվությունը պահում:
Մեզ ընդամենը պետք է մի փոքր մեր գործունեության ֆորմատը փոխել նախընտրական փուլում և իրականցնել մեր քարոզարշավը: Այդ առումով ՀՀԿ մարզային ենթակառույցները բավական ակտիվ են թե՛ ծրագրերի, թե՛ կազմակերպչական, թե՛ մարդկային ռեսուրսների, թե՛ գործառույթների ճիշտ իրականացման առումով, և չեմ կարծում, որ մեր տիպի կուսակցության համար պետք է ավելին անել: Պարզապես, քանի որ նախընտրական շրջանը իր էությամբ, բովանդակությամբ տարբերվում է առօրյա ժամանակահատվածից, ապա մեր գործունեության, ծրագրերի ֆորմատը փոխում ենք և նախընտրական ծրագիր ենք կազմում»,- մանրամասնեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը:











































