Մեծ յոթնյակի երկրները Բելառուսի իշխանություններին կոչ են անում ազատ արձակել քաղբանտարկյալներին և նոր ընտրություններ անցկացնել։ Այս մասին նշվում է Լոնդոնում կայացած գագաթնաժողովից հետո Մեծ Յոթնյակի երկրների արտգործնախարարների տարածած կոմյունիկեում։
G7-ի արտգործնախարարները «մտահոգված են 2020 թվականի օգոստոսի կեղծված նախագահական ընտրություններին հաջորդող քաղաքական և մարդու իրավունքների ճգնաժամի կապակցությամբ»։
«Մենք վարչակարգին կոչ ենք անում իրագործել ԵԱՀԿ-ի անկախ փորձագիտական խմբի հանձնարարականները, ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր անարդար կերպով բանտարկվել են իրենց ժողովրդավարական ձգտումներն արտահայտելիս, և վերջ դնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների շարունակական ճնշմանը», – նշված է կոմյունիկեի տեքստում։
Մեծ յոթնյակի արտգործնախարարները նաև դատապարտել են լրագրողների և մարդու իրավունքների պաշտպանների ճնշումները։ Նրանք կոչ են արել նոր, ազատ և արդար ընտրություններ անցկացնել՝ միջազգային դիտորդների ներկայությամբ։
Հիշեցնենք՝ 2020 թվականի օգոստոսին Բելառուսում անցկացված նախագահական ընտրություններում 6-րդ անգամ հաղթող էր ճանաչվել Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հավաքելով ընտրողների ձայների 80 %-ը։ Արդյունքների հրապարակումից հետո Բելառուսում զանգվածային բողոքի ակցիաներ էին սկսվել, որոնք ուղեկցվել էին անկարգություննեով և ձերբակալություններով։ Ըստ պաշտոնական տվյալների՝ բողոքի ակցիաների ընթացքում 3 մարդ է մահացել։








































