Հնդկաստանը գրանցել է նոր համաշխարհային ռեկորդ օրական COVID-19 վարակվածների թվով: Ապրիլի 28-ի 24 ժամվա ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է 360 960 նոր դեպք:
Հնդկաստանի առավել տուժած շրջաններն էին Մահարաշտրա, Կերալա, Կարնատակա, Ուտար Պրադեշ, Թամիլ Նադու նահանգները, ինչպես նաև Դելիի ազգային մայրաքաղաքային շրջանը, որտեղ վերջին օրվա ընթացքում զոհվել է 381 մարդ, ինչը մայրաքաղաքի համար ամենաբարձր ցուցանիշն էր: Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը:
Հնդկաստանում օրվա ընթացքում կորոնավիրուսի բարդությունների հետ կապված մահացությունների թիվն աճել է 3293-ով՝ մինչև 201 187:
Վերջին շաբաթվա ընթացքում, միայն մեկ անգամ՝ ապրիլի 27-ին, երկիրը չի գրանցել COVID-19 դեպքերի նոր ռեկորդային քանակ (եղել է 323144): Երկուշաբթի օրը հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 352 991 նոր դեպք, կիրակի օրը երկրի առողջապահության նախարարությունը հաղորդել է 349 691 վարակվածի մասին, ապրիլի 24-ին `մոտ 346 786, ապրիլի 23-ին այդ ցուցանիշը 332 730 է, իսկ ապրիլի 22-ին` 314 835, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հնդկաստանի առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարության տվյալներով ՝ ամբողջ համաճարակի ընթացքում վարակվածների թիվը հասել է 17 997 267-ի:
Մարտի 24-ին Հնդկաստանում հայտնաբերվեց կրկնակի մուտացիայով COVID-19 նոր տեսակ: Միևնույն ժամանակ, երկիր են մտել նաև կորոնավիրուսի բրիտանական, բրազիլական և հարավաֆրիկյան մուտացիաները:
Ապրիլին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ասաց, որ երկիրը ցնցվել է «կորոնավիրուսային փոթորկով»՝ նշելով, որ Նոր Դելիում մարդիկ չորս օր անընդմեջ մահանում էին COVID-19-ից:
Ապրիլի 26-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնեց, որ Ռուսաստանի Դաշնությունը մտահոգված է Հնդկաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով:










































