«Ներողություն եմ խնդրում քննարկվող հարցից շեղվելու համար»: Այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել։ Օրակարգում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցերը։
Ալեքսանյանն իր ելույթում անդրադարձավ ապրիլի 21-ին Սյունիքում տեղի ունեցած ակցիաներին: Պատգամավորի խոսքով՝ այդ ակցիաների միջոցով փորձում էին կոտրել ոչ թե Նիկոլ Փաշինյանին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, այլ առաջին հերթին սյունեցուն:
«Ժամանակին աֆրիկյան սավաննաների ծագող որսորդական աստղ, «պրիվետ» բառի համատարած համահայաստանյան տաբուի հեղինակ հանդիսացած նախկին նախագահի, որի վերջին հարցազրույցը ռուսական առաջին ալիքին կարծես գրված, մշակված, վերամշակված լիներ ադրբեջանական առաջատար լոբբիստների կողմից, ադեպտները Սյունիքում որոշել էին շեֆին նախընտրական անակնկալ մատուցել վերջինիս սիրած բոլոր ատրիբուտներով՝ լկտիությամբ, հայհոյանքներով, անթասիբությամբ։ Ադեպտները սրանով, սակայն, փորձում էին կոտրել ոչ թե վարչապետին, ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, այլ առաջին հերթին՝ սյունեցուն: Պատահական չէ, որ հայհոյանքների հիմնական մասը ուղղված էր վարչապետին սատարող քաղաքացիներին»:









































