News Georgia-ի փոխանցմամբ՝ վրացական 9 ընդդիմադիր քաղաքական ու հասարակական կազմակերպություններ միացել են Լեյբորիստական կուսակցության նախաձեռնությանը, որով պահանջվում է նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի իմփիչմենթը։ Այս մասին հայտարարել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին։
Բացի նրանից, այդ փաստաթղթի տակ ստորագրել են խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն («Դեմոկրատական շարժում – Միացյալ Վրաստան»), նախկին մարդու իրավունքների պաշտպան Սոզար Սուբարին («Վրացական» կուսակցություն), Կախա Կուկավան («Ազատ Վրաստան»), Թեմուր Շաշիշվիլին («Սպիտակներ»), Գեորգի Գաչեչիլաձեն (Կանաչների կուսակցություն), Սերգո Ջավախիձեն («Հանուն արդար Վրաստանի» շարժում), Գեորգի Ժորժոլիանին (Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն), Լևան Գաչեչիլաձեն («Պաշտպանի՛ր Վրաստանը» հասարակական շարժում)։
Նատելաշվիլին հիշեցրել է, որ ինքը դեռևս հունիսի 23-ին է ընդդիմության ներկայացուցիչներին առաջարկել ստորագրել Սաակաշվիլին նախագահական պաշտոնից հեռացնելու մասին փաստաթղթի տակ.
«Այժմ և հավերժ հստակեցվեց, թե ով է իրական ընդդիմությունը, ով է իրականում ցանկանում իշխանափոխություն։ Դա չի կարող տեղի ունենալ միայն մի շարք կուսակցությունների կողմից կազմակերպված միտինգների արդյունքում։ Դրա համար անհրաժեշտ են համընդհանուր ջանքեր։ Սաակաշվիլին Վրաստանի գլխավոր թշնամին է, և քանի դեռ նա գտնվում է իշխանության ղեկին, երկրին ոչինչ չի փրկի»։
Նաթելաշվիլին հավելել է, որ մնացյալ ընդդիմադիր ուժերն այս հարցում կկողմնորոշվեն մինչև սեպտեմբեր։
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ էլ վրացի լեյբորիստները հանդես էին եկել այդպիսի նախաձեռնությամբ, սակայն այն ժամանակ դա հավանության չէր արժանացել անգամ խորհրդարանում ներկայացված ընդդիմության կողմից։









































