Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն և նրանց հայ-թուրքական քաղաքականությունը․․․
Ռոբերտ Քոչարյանը և նրա հենարանը կազմելուն համաձայնած Հայ հեղափոխական դաշնակցությունը չխորշեցին պատերազմից հետո ՀՀ իշխանություններին, ՀՀ վարչապետին “թուրքամետ”, “թուրք” պիտակը կպցնելուց, Թուրքիայի շահերը սպասարկելու և կամ Անկարայի հետ գաղտնի համաձայնությունների մեջ գտնվելու մեջ մերկապարանոց մեղադրանքներ ներկայացնելուց։
Մի կողմ եմ թողնում այդպիսի “քաղաքական” վարքագծի բարոյական և այլ կողմերը, որը չի կարող լավ բան խոստանալ ներքաղաքական կյանքում ու պետությանը, և որ դա անթույլատրելի է։ Մի կողմ եմ թողնում, որ ԱՄՆ կողմից Ցեղասպանության ճանաչումը տեղի ունեցավ հենց այս իշխանությունների օրոք ու Բայդենի ուղերձից բառացիորեն րոպեներ անց Վարչապետի պատասխան նամակը թղթե տնակի նման փլուզում են այդ բոլոր մեղադրանքները․․․
Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված կա ավելի վատ բան, ինչն ամենևին նույն Ռոբերտ Քոչարյանի ու ՀՅԴ-ի օգտին չեն, և ճիշտ հակառակը՝ նրանց ընդդիմախոսները կարող են ջախջախիչ հարված հասցնել․․․․
Ընթերցում եմ Դեյվիդ Ֆիլպսի կազամած զեկույցը հայ-թուրքական “երկխոսության” պատմության ու ընթացքի մասին։ Մինչ հանրության ճնշող մեծամասնությունը գիտի թե դա սկսվել է Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, իրականում այն մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի օրոք, հանրությունից ծածուկ, երբ նրա որոշմամբ ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետներ եվրոպական տարբեր մայրաքաղաքներում գաղտնի հանդիպումներ են ունեցել թուրքական կողմի հետ, ինչից տեղեկացված չի եղել Հայաստանի Հանրապետության հասարակությունը։
Զեկույցից պարզվում է՝ շվեյցարական միջնորդությամբ հայ-թուրքական պրոցեսը ծագել է Շվեյցարիա-Թուրքիա տնտեսապես զարգացող ու լարվածություններով ուղեկցվող /հայկական լոբբիի ու Ցեղասպանության խնդրի արծարծման, ճանաչման/ խորապատկերին։ Ամենակարևոր բացահայտումներից մեկն այն է այդ պրոցեսում ի սկզբանե ներգրավված չի եղել ԱՄՆ-ը․․․
Ակնհայտորեն, Թուրքիայի կողմից դրան համաձայնելու պատճառ է եղել Շվեյցարիայում Ցեղասպանության ճանաչման կանխումը, իսկ երբ դա չի ստացվել, ԱՄՆ-ում Ցեղասպանության ճանաչման կանխումը, մանավանդ որ դեպի ԱՄՆ նախագահություն էր շարժվում Ցեղասպանությունը ճանաչել խոստացած Բարաք Օբաման։ Այդ երկու առանցքային շահագրգռություններով դրդված Շվեյցարիայից նեղացած Թուրքիան կայացնում է ռազմավարական որոշում ու սկսում խաղը անգամ նրա կողմից Ցեղասպանությունը ճանաչելուց հետո ու նրա միջնորդությամբ։
Դեյվիդ Ֆիլիպսը, ում զեկույցը հենվում է բացառապես հանրահայտ փաստերի ու պրոցեսին մասնակցած բոլոր երկրների բարձրաստիճան դիվանագետների հետ փակ զրույցների շարադրման վրա մանրամասնորեն նկարագրում է թե մեկնարկը, թե հետագայում տեղի ունեցած գաղտնի հանդիպումները՝ թե որպես մեդորատոր ում են վերցրել, և անգամ այն, թե ինչպես են ապահովել կողմերի զգայունությունները, քննարկումներում հարցերի ինչպիսի հաջորդականություն է դրվել և ինչո՞ւ․․․
Զեկույցում կարդում ենք․
Թուրքիայի և Հայաստանի պաշտոնատար անձանց շփումները վերակենդանացնելու շվեյցարական նախաձեռնությունը մեկնարկել է 2007 թ. սեպտեմբերի 16-ին, երբ Թուրքիայի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները մտքերի նախնական փոխանակում կատարեցին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում, Շվեյցարիայի մասնակցության վերաբերյալ: Մայքլ Ամբուլը, որը մեծ հեղինակություն վայելող դիվանագետ և բանակցող էր, ով զբաղեցնում էր Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի Պետական քարտուղարի և Քաղաքական գործերի վարչության ղեկավարի պաշտոնը, հայ-թուրքական հարցերում ներգրավվածության պատմություն չուներ և ոչ մի կողմի հետ մտերմիկ կապեր չուներ: Երբ Ամբուլը թուրք և հայ պաշտոնյաների հետ քննարկեց երրորդ կողմերի միջնորդության անհրաժեշտությունը, նրանք համաձայնվեցին, որ Շվեյցարիան իդեալականորեն համապատասխանում է այդ գործին: Որպես ազնիվ բրոքեր Շվեյցարիայի դերը հիմնված էր չեզոքության գաղափարի վրա: Շվեյցարիան վերջին շրջանում իր «լավ ծառայություններն» առաջարկելու փորձ ուներ Իրանի և ռուս-վրացական հակամարտության վերաբերյալ: Շվեյցարիան ունի նաև փորձ, որն առնչվում է Թուրքիա-Հայաստան խնդիրներին: Դա մի փոքր ցամաքային երկիր է, որը որպես մեծ հարևաններով շրջապատված անկախ պետություն ունի յոթ հարյուր տարվա պատմություն: Ըստ Ամբուլի ՝ «Շվեյցարիան շատ փոքր է վնաս հասցնելու համար»:
Այնուհետև շվեյցարական կողմը սերտորեն աշխատում է թուրքական կողմի հետ պատմաբանների հանձնաժողովի շուրջ։ Զեկույցը ներկայացնում է ընթացքը հետևյալ կերպ․
«Շվեյցարիայի կառավարության առաջարկը `աջակցել պատմաբանների այնպիսի հանձնաժողովի ստեղծմանը, որը համատեղ և գիտականորեն կքննի Թուրքիայի և Հայաստանի ընդհանուր պատմությունը, 2007-ի ամռանը թուրք պաշտոնյաներին փոխանցեց Անկարայում Շվեյցարիայի դեսպանը: Ամբուլը Օսկանյանին հանդիպեց Երևանում սեպտեմբերի վերջին `քննարկելու հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը, ներառյալ պատմական անցյալի վերաբերյալ տարաձայնությունների կարգավորումը: ՕՍԿԱՆՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋև ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԶՈՒԳԱՀԵՌ ԼԻՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ: Անկարան համաձայնել է ընդլայնել բանակցությունների շրջանակը ՝ ներառելով սահմանների բացումն ու փոխադարձ ճանաչումը, ինչպես նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, եթե Երևանը համաձայնի համատեղ պատմական հանձնաժողովին»։
Ի դեպ, պատմաբանների համատեղ հանձնաժողովի գաղափարը Թուրքիայում նույնպես Քոչարյանի իշխանութան շրջանում է Թուքիայում պաշտոնական մակարդակով առաջադրվել։ Զեկույցը մասնավորապես կրկին ուշագրավ տեղեկություններ է փոխանցում․
«Պատմաբանների համատեղ հանձնաժողովի գաղափարը առաջին անգամ հայտնվեց 1998 թ.-ին: TABDC- ից Կաան Սոյակը այն ժամանակվա նախագահ Սուլեյման Դեմիրելին էր գրել` դա առաջարկելով: Սոյակը նախատեսում էր, որ հանձնաժողովի եզրակացությունները հիմք կլինեն, որպեսզի Թուրքիան և Հայաստանը դիմեն Միջազգային դատարան: Սոյակը առաջարկը վերանայեց Գյուլի հետ, երբ վերջինս վարչապետ դարձավ 2002թ., և կրկին Էրդողանի հետ՝ 2003թ.։ Սոյակը հարցրեց. «Ինչի՞ց ենք վախենում»: Նա Էրդողանի պատասխանն այսպես բնութագրեց. «Մենք թուրքեր ենք: Մենք ոչնչից չենք վախենում․․․»: 2005-ի ապրիլի 10-ին Էրդողանը նամակ ուղարկեց Քոչարյանին `առաջարկելով արխիվների և պատմական արձանագրություններն ուսումնասիրելու նպատակով համատեղ պատմության հանձնաժողովի ստեղծել»։
Այդպիսով՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահությունը նախնական համաձայնություն է տալիս պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, սակայն որ այն զուգորդի հարաբերությունների կարգավորմանը։ Թուրքիան, իր համար կարևոր առաջին խնդիրը՝ պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը, ներկայացնելով Շվեյցարիայի շուրթերով ու ստանալով Երևանի նախնական համաձայնությունը, վերջինիս առաջարկը համալրում է նոր պայմանով՝ սահմանների ճանաչումը, այն բացելու ու դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դիմաց։
Հետո ամենայն մանարմասնությամբ ներկայացվում է, թե ինչպես Շվեյցարական կառավարությունը գործխընթացում ներգրավեց պրոֆեսոր Ժան Պրոֆեսոր Բերգիեն, ով պետք է այս խնդիրների շուրջ համաձայնությունները կայացնելու համար ստեղծեր վստահության մթնոլորտ ստեղծեր, ինչի համար անգամ մեթոդաբանության ներկայացում է կազմակերպում Շվեյցարական կառավարության համար, որն ուղարկվում է կողմերին հաստատելու համար։
Շվեյցարացի միջնորդները հայկական կողմից Բեռնում հանդիպում են Արման Կիրակոսյանին ու նրան փոխանցում մեթոդաբանությունը, ինչը նշանակում է ևս մեկ մեզ անհայտ հանդիպում այս խնդրով։
«Բերգիեն Բեռնում կայացած հանդիպմանը Կիրակոսյանին ներկայացրեց PowerPoint- ով կազմած իր մեթոդաբանությունը, ապա 2007-ի դեկտեմբերին Անկարա այցելեց՝ արտաքին գործերի փոխնախարար Էրթուղրուլ Աբականին արդյունքների մասին տեղեկացնելու համար: (…)Նրա մեթոդաբանությունը կենտրոնացած էր այն բանի վրա, թե ինչ է տեղի ունեցել, ինչու և ինչ համատեքստում:»
Շվեյցարիայի պատրաստած փաստաթուղթը կոչվել է «Թուքիա Հայաստան երկխոսության» հայեցակարգային փաստաթուղթ։ Զեկույցում շարունակում ենք կարդալ․ «Ի պատասխան Շվեյցարիայի պատրաստած «Թուքիա Հայաստան երկխոսություն» վերտառությամբ 2007 թվականի սեպտեմբեր ամսվա հայեցակարգային փաստաթղթին, Անկարան իր տեսակետները գրավոր ներկայացրեց 2008 թ. հունվարի 4-ին: Շվեյցարական կողմը վերանայեց փաստաթուղթը և հունվարի 29-ին ուղարկեց թուրքերին և հայերին: Թուրք պաշտոնյաները կենտրոնացել էին պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու նախնական գաղափարների վրա ՝ պնդելով, որ սահմանը հնարավոր է բացել միայն այն ժամանակ, երբ հանձնաժողովը ստեղծվի և սկսի իր աշխատանքը:»
Այդպիսով, թուրքական կողմը օգտվում է հայկական կողմի արած առաջարկությունից ու սահմանի բացումը կապում պատմաբանների հանձնաժողովի հետ։ Հայկական կողմը համաձայնում է շարունակել հանդիպումները, և այդպիսի մի գաղտնի հանդիպում էլ նշանակվում է 2008թ․ մայիսի 21-ին։ Այդ ընթացքում Հայաստանում իշխանությունը մարտի 1-ի հայտնի զարգացումներով Ռոբերտ Քոչարյանը փոխանցում է Սերժ Սարգսյանին, իսկ մայիսի 21-ին կայանում է Կիրակոսյան-Ապական հանդիպումը արդեն իսկ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք։
Զեկույցը շարունակում է․ «Այն բանից հետո, երբ Ամբուլը ներկա էր Սարգսյանի երդմնակալության արարողությանը, նա երկու կողմերին էլ ներկայացրեց վերանայված «Թուրքիա-Հայաստան երկխոսություն» հայեցակարգային փաստաթուղթը և Աբականին ու Կիրակոսյանին հրավիրեց իրենց առաջին եռակողմ հանդիպմանը, որը կայացավ 2008 թվականի մայիսի 21-ին:
«Հանդիպումն անցկացվեց Բեռնին մոտ գտնվող գյուղում, Գերցենզեի դղյակում, որը զբաղեցրել էր Շվեյցարիայի կենտրոնական բանկը և այն վերածել իր ուսումնական կենտրոնի:
Գերցենզիում գտնվող թուրքական պատվիրակությունը գլխավորում էր Ապական, որի կազմում էր Ունալ Չեվիկգյոզը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Կիրակոսյանը, որի կազմում էին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Զոհրաբ Մնացականյանը և ՍԾSՀ ԽՎում ներկայացուցիչ Կարեն Միրզոյանը: Նիստը հնարավորություն էր ծանոթանալու, գնահատելու սպասելիքները և ուսումնասիրելու օրակարգը: Այն նաև առիթ էր սահմանելու Շվեյցարիայի դերը որպես միջնորդ: «Երկու կողմերն էլ արագորեն համաձայնվեցին, որ մենք պետք է ստանձնենք այն», – պատում է Ամբուլը: «Մենք ոչ ֆորմալ մանդատ ունեինք: Գրավոր համաձայնության շուրջ բանակցելը բարդ էլ լինելու»:
Այսպիսով, այն ինչ հանրությանը հայտնի է որպես Սերժ Սարգսյանի օրոք տեղի ունեցած, ամենևին նրա ժամանակներում չէ բանակցվել։ Որքան էլ վերոնշյալ տարրերը հանդիպում են Սերժ Սարգսյանի օրոք նախաստորագրված հայ-թուրքական արձանագրություններում, դրանց հիմքերը մեկին մեկ դրել է Ռոբերտ Քոչարյանը, որը հետագայում իր հետ համախոհ ՀՅԴ-ով դուրս եկավ դրա դեմ, իսկ Քոչարյանին այն ժամանակ ու այժմ սատարող կայքերը և լրատվամիջոցները կատաղի «ընդդիմանում էին» հայ-թուրքական գործընթացին ու արձանագրություններին՝ Սերժ Սարգսյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրելով քիրվայության մեջ․․․ Մինչդեռ իրենց օրոք տարվել էին այս բոլոր գաղտնի բանակցություններն ու ձեռք բերվել համաձայնությունները․․․
Ամենացնցող այն է, որ զեկույցը նշում է, թե ԱՄՆ-ը սկզբնական շրջանում տեղեկացված չի եղել։ Զեկույցը նշում է՝ «ԱՄՆ պաշտոնատար անձինք տեղեկացված չէին: Շվեյցարիան զարգացնում էր իր անկախությունը, այդ իսկ պատճառով էլ այն ԵՄ անդամ չէ: Վաշինթոնը պահվում էր չիմացության մեջ։ Դեկտեմբերին Մյունխենի օդանավակայանում Lufthansa- ի բիզնես-սրահում պատահական հանդիպում տեղի ունեցավ Աբականի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Դանիել Պ. Ֆրիդի միջև: Աբականը Ֆրիդին պատմել էր Շվեյցարիայի միջնորդության մասին։ Ֆրիդը պատմել էր պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին, ով էլ իր հերևթին այդ մասին տեղյակ էր պահել Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սթիվեն Հեդլիին, բայց այդ ժամանակ ԱՄՆ ոչ մի այլ պաշտոնյա տեղեկացված չէր:»
Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ տեղի ունեցածի մասին զեկույցի պատմածը ոչ պակաս ուշագրավ է։ Սակայն ամենացնցողներից մեկը ՀՅԴ-ի մասին նկարագրված է։ Երբ Աբդուլա Գյուլը պետք է սեպտեմբերի 6-ին այցելեր Հայաստան ֆուտբոլային համատեղ խաղը դիտելու, ավելի վաղ Հայաստան է ժամանում այցը նախապատրաստող խումբ։
Զեկույցը այդ մասում բավական սենցասիոն բացահայտումներ է անում, թե ինչպես ՀՅԴ ներկայացուցիչների հետ հանդիպմանը Թուրքիայի պատվիրակությունը համաձայնեցնում է, թե ինչպես «չվիրավորել» Թուրքիայի նախագահին, ինչ վանկարկել և ինչ չվանկարկել և պլակատների ինչ բովանդակությունը։ Մասնավորապես կարդում ենք․
«Չեվիկգյոզին և Կիրակոսյանին հանձնարարվեց մշակել Գյուլի այցի մանրամասները և բանակցությունների հետագա ձևերը: Նրանք հանդիպեցին 2008-ի մայիսին և հուլիսին: Բաբաջանը տեղեկացվեց հանդիպումների մասին` ասելով. «Կարևոր է քննարկել, թե ինչպես կարելի է երկխոսության միջոցով կարգավորել երկու երկրների հարաբերությունները »: ԳՅՈՒԼԻ ԱՐԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ՂԵԿԱՎԱՐ ŞԵՎԿԻ ՄՈՒԹԵՎԵԼԼԻՕՂԼՈՒՆ ՆՈՒՅՆՊԵՍ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ `ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ և ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ:
ՆՐԱՆՔ ԲԱՆԱԿՑԵՑԻՆ ՑՈՒՅՑԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ և ՉԱՓԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ՊԱՍՏԱՌՆԵՐԻ և ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐԻ ԲԱՌԱՖՈՆԴԻ ՀԱՐՑԵՐ։ ՆՐԱՆՔ ՀԱՄԱՁԱՅՆԵՑԻՆ, ՈՐ ԲՈՂՈՔՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ, ՍԱԿԱՅՆ ԱՅԴ ՁևԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԱՆՁԱՄԲ ՔՆՆԱԴԱՏԵՆ ԳՅՈՒԼԻՆ»
Այսպիսով, Հայաստանի լայն հանրությունը ամենևին տեղյակ չէ ոչ միայն Քոչարյանի օրոք մեկնարկած հայ-թուրքական գաղտնի բանակցությունների մասին, որ սկզբունքային բոլոր համաձայնությունները ձեռք են բերվել նրա օրոք, այդ թվում պատմաբանների հանձնաժողով ձևավորելու, կամ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը սահմանի ճանաչման ու բացման հետ փոխկապակցելու շուրջ, անգամ՝ ընդունելով թուրքական կողմի պայմանները բողոքի ցույցերի կապակցությամբ։ Մինչդեռ Քոչարյանը և նրան սատարած ՀՅԴ-ն 98-ին հրապարակավ մերժում էին պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը և ամբողջ ընթացքում ցույց տալիս հանրությանը, թե դեմ են հայ-թուրքական արձանագրություններին․․․
Մինչդեռ պատմական փաստերն այլ բան են վկայում․․․․









































