Լոս Անջելեսի Dolby կինոթատրոնում կայացել է Ամերիկյան կինոակադեմիայի 93-րդ մրցանակաբաշխությունը։ «Քոչվորների երկիրը» (Nomadland) ամերիկյան ֆիլմն Օսկար մրցանակ է նվաճել գլխավոր՝ «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում։
Կինոնկարի ստեղծող, չինուհի Քլոե Չժաոն ճանաչվել է որպես լավագույն ռեժիսոր։ Նա ծնվել է Չինաստանում, սակայն ապրում և աշխատում է ԱՄՆ-ում։ Նա դարձել է ռեժիսորական Օսկար ստացած երկրորդ կինը։ Առաջինը 2010 թվականին եղել է Քեթրին Բիգելոուն («Փոթորկի տերը»)։

Նշենք, որ ֆիլմի սցենարի հեղինակը Չժաոյի ամուսինն է։ Ֆիլմը պատմում է ամերիկացիների մասին, ովքեր 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ժամանակ կորցրել են իրենց տները և ճամփորդում են Միացյալ Նահանգներով։ Ավելի վաղ ֆիլմը լավագույնն էր ճանաչվել Կինոյի և հեռուստարվեստի բրիտանական ակադեմիայի կողմից (BAFTA)։
Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ֆրենսիս Մաքդորմանդը, ով խաղացել է «Քոչվորների երկիրը» ֆիլմում։ Լավագույն դերասանը Էնթոնի Հոփկինսն է («Հայրը»)։
«Հոգի» մուլտֆիլմը Օսկարի 2 արձանիկ է ստացել։ Մեկը՝ որպես լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ, մյուսը՝ լավագույն երաժշտության համար։









































