Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, որը պայմանավորված է առաջիկայում սպասվող արտահերթ ընտրությունների անցկացմամբ:
Դերասանուհին հույս է հայտնել, որ նախընտրական շրջանում և ընտրական գործընթացի ժամանակ բոլոր կողմերը հավատարիմ կմնան օրենքի գերակայությանը:
«Հուսով եմ՝ ընտրություններից առաջ և դրանց ընթացքում յուրաքանչյուր գործընթաց կլինի թափանցիկ, զերծ մանիպուլյացիաներից և կեղծիքներից: Օրենքի գերակայությունը պետք է գերակշռի բոլոր ներգրավված կողմերի համար: Հուսով եմ՝ սա Հայաստանի համար կլինի նոր և հեռանկարային մեկնարկ»,- գրել է Արսինե Խանջյանը:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց երկրի վարչապետի պաշտոնից՝ հայտնելով, որ հրաժարականը պայմանավորված է հունիսի 20-ին սպասվող արտահերթ ընտրություններով: Նա նաև տեղեկացրեց, որ այս ընթացքում կատարելու է վարչապետի պաշտոնակատարի պարտականությունները:










































