Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ։ Այն հրապարակվել է նախագահի կայքում։
«Ավելի քան 100 տարի առաջ հայ ժողովրդի կրած վիթխարի մարդկային ու տարածքային կորստի ցավն այսօր էլ արձագանքում է մեր սրտերում՝ հիշեցնելով, որ ոտնահարվել է հայ ժողովրդի՝ իր բնօրրանում խաղաղ և ապահով ապրելու ու զարգանալու իրավունքը՝ երեկ՝ Օսմանյան կայսրությունում, այսօր՝ Արցախում: Աշխարհը պետք է գիտակցի, որ Հայոց ցեղասպանության ոճիրը լռության մատնելու, անցյալում թողնելու, առավել ևս՝ ժխտելու քաղաքականությունն իրեն վաղուց է սպառել, որ անտարբերությունն ու անպատժելիությունը նոր հանցագործություններ են ծնում: Նման ոճրագործություններն ու դրանց հեղինակներին պետք է կոչել իրենց անուններով, դատապարտել հանցագործությունն ու հանցագործին», – ասված է ուղերձում։
Նախագահը նշում է, որ վերջին իրադարձություները՝ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան, փաստում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը անհրաժեշտություն են տարածաշրջանում տևական խաղաղություն և կայունություն ապահովելու համար:
«Հայոց ցեղասպանությունն այլատյացության այն հետևողական քաղաքականության արգասիքն է, որի նորագույն դրսևորումն Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական պատերազմն էր: Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, երբ դեռ ապաքինվում ենք ծանրագույն հարվածից, մեր մեջ պետք է արմատավորվի ուժեղ, մրցունակ, խելամիտ Հայաստան ունենալու ձգտումը: Մենք կարող ենք ու պարտավոր ենք ուղղել մեր մեջքը և ամուր կանգնել սեփական հողին և հավատարիմ մնալ ինքներս մեզ», – գրված է ուղերձում։
Նախագահի խոսքով՝ հայությունը որպես միասնական ժողովուրդ և պետություն, պետք է կարողանա մաս կազմել այսօր աշխարհում տեղի ունեցող զարգացումներին՝ առանց նահանջելու հիշողությունից ու արդարացի պահանջներից։










































