«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է տնտեսագետ Բագրատ Առաքելյանը/Պրահա/:
Պարոն Առաքելյան, հետևում եք Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես երեկ Սյունիքում տեղի ունեցածին։ Որքանո՞վ էր սա կազմակերպված։
Բոլորս տեսնում ենք, որ Հայաստանում պատերազմից հետո ստեղծվել է շատ ծանր փսիխո-էմոցիոնալ մթնոլորտ: Մարդիկ զայրացած են և այդ իրենց զայրույթը արտահայտելու համար շատ անգամ ընդամենը մի կայծ է պահանջվում: Իհարկե, դրա մասին քաջատեղյակ են նախկին իշխանության ներկայացուցիչները, որոնք հիմա ուզում են ռևանշ կատարել: Իրենց այդ նպատակն իրագործելու համար իրենք ոչ մի ռեսուրս չեն խնայի: Ընդգծեմ, որ ես կոնկրետ ներկայիս իշխանության համախոհների շարքում չեմ գտնվում, ես ինքս անձամբ որպես ՀՀ քաղաքացի բազմաթիվ հարցեր ու պահանջներ ունեմ ներկայացնելու ներկայիս ղեկավարությանը՝ հանձինս պարոն վարչապետի: Բայց այսօր բավական է բացել համացանցը և պարզ երևում է, որ Սյունիքում գործել են նախկին իշխանավորների կողմից ուղարկած կոնկրետ սադրիչներ, որոնք այդ իրավիճակը ստեղծել են և կարողացել են ժողովրդի տրամադրություններն օգտագործելով իրենց նպատակին հասնել:
Տեսակետ կա, որ աշխարհի ցանկացած երկրի իշխանության համար երանելի կլիներ ունենալ այսպիսի հանցագործ արժեքներով ապրած ընդդիմություն: Ի՞նչ եք Դուք կարծում։
Ինչ վերաբերում է այս իրավիճակի երանելիությանը, ես ճիշտն ասած, կոնկրետ այս տեսանկյունից պատասխան տալու դժվարություն ունեմ, քանի որ ես կոնկրետ երբեք իշխանության մեջ չեմ եղել և քաղաքականություն մտնելու ամբիցիաներ ևս չեմ ունեցել: Բայց տվյալ թեմայի վերաբերյալ կարող եմ արձանագրել մի փաստ, որ եթե որևէ երկրում քաղաքական ուժ են ներկայացնում հանցավոր անցյալ ունեցող անձինք, որոնք ժամանակին զբաղվել են ալան-թալանով, կեղծիքներով, մարդասպանություններով, դա նշանակում է, որ այդ հասարակությունը բավականին լուրջ խնդիրներ ունի: Այսօր մեր բոլորի մեղքն է, որ Հայաստանում կան հանցավոր անցյալով անձինք, որոնք ճաղերի հետևում գտնվելու փոխարեն ներխուժում են քաղաքականություն և փորձում են նորից իրենց քաղաքական ամբիցիաները կյանքի կոչել:
Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մասնակցելու է այս ընտրություններին և կրելու է, մյուս կողմից ՀՅԴ–ն է հայտարարել ընտրություններին մասնակցելու մասին։ Եթե միանան Քոչարյանին՝ արդյոք շանսը խորհրդարան անցնելու կարող է մեծանա՞լ։
Այո, այդ վտանգը գոյություն ունի և բոլորս գիտենք, թե նախկին իշխանավորներն ու իրենց կողմնակիցներն այսօր ինչի են պատրաստ գնալու և ինչ ռեսուրսներ ունեն իրենց ձեռքի տակ: Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի հունիսի 20-ին պետք է պարզ գիտակցի իր դերն այն բանում, թե մենք ինչ երկիր ենք ունենալու: Մնալո՞ւ ենք արդյոք այս օղակաձև ճանապարհին, թե՞ փորձելու ենք մի նոր ունի գտնենք մի նոր երկիր կառուցելու համար:
«Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկել է փոփոխություն կատարել Սահմանադրության մեջ, որը թույլ կտա սփյուռքահայերին Հայաստանում դառնալ կառավարության անդամ: Ինչպե՞ս եք գնահատում այս առաջարկությունը, որքանո՞վ է ճիշտ, չունենալով քաղաքացիություն, նախարար լինել ՀՀ–ում:
Բնականաբար, ողջունելի և ես կասեի շատ սպասված նախաձեռնություն է: Ես կարծում եմ, որ Սփյուռքի ներկայացուցիչները ոչ միայն նշանակվելու, այլ նաև ընտրվելու հնարավորություն պետք է ստանան Հայաստանում: Նորագույն պատմության մեջ բազմաթիվ օրինակներ կան, երբ արտասահմանից հրավիրված և ընտրված հայրենակիցը, որն ընտրվել է ընդհուպ մինչև երկրի ղեկավար, բերել է այդ երկիրը բարգավաճման: Նման օրինակներ կարող ենք տեսնել և Բալթյան երկրներում, և տարբեր այլ երկրներում աշխարհով մեկ: Վերջիվերջո հայ ազգի համար, որի 70 տոկոսը գտնվում է հայրենիքից դուրս, նման արգելքը պարզապես նոնսենս է: Նախկին իշխանությունները 30 տարի անընդմեջ ամեն ինչ արել են, որ ժողովրդի ձեռքից խլեն այդ իրավունքը: Յուրաքանչյուր երկիր մեծ նախանձով կյանի այն բանին, թե ինչ մեծ ու զարգացած ինտելեկտուալ ռեսուրսներ ունի Հայաստանն արտասահմանում: Այնինչ մենք ինքներս դա չենք օգտագործում և անտեսում ենք: Բազում անգամ գրվել է այն մասին, որ այս կամ այն երկիրը տնտեսական հրաշք է կարողացել ապրել, և գրեթե բոլոր այդ տնտեսական հրաշքների հետևում կանգնած են մասնագետներ, որոնք սովորել են, աշխատել են և փորձ են ձեռք բերել Արևմուտքի զարգացած երկրներում և հետո իրենց գիտելիքներն օգտագործել են իրենց հայրենիքի համար: Ես միանգամայն համոզված եմ, որ Հայաստանն այդ պարագայում ունի հսկայական ներուժ:









































