ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն աշխարհի առաջատար ֆոնդային բորսաներում գրանցվող անկումների վերաբերյալ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա գնահատելու համար հարկավոր է սպասել:
«Վաղաժամ եզրակացություններ անելն այս պարագայում շատ անշնորհակալ գործ կլինի: Պետք է ժամանակ տանք, տեսնենք՝ ինչպես են շուկաներն արձագանքում, ինչպիսի ազդեցություն են ունենում այլ մեծ շուկաներից, դրանից հետո հնարավոր կլինի ավելի հստակ կանխատեսել Հայաստանի վրա ազդեցությունների չափը»,- ասաց Գ.Մինասյանը:
Մեր դիտարկմանը, թե նավթի գներն էլ են ընկնում, և Ռուսաստանից տրանսֆերտների ծավալները կարող են կրճատվել, Գ.Մինասյանը կրկին պատասխանեց, որ պետք է սպասել:
Նշենք, որ ասիական և ռուսական ֆոնդային շուկաները բավական անկում են արձանագրել: Standard & Poor’s գործակալությունն առաջին անգամ պատմության մեջ իջեցրել է ԱՄՆ-ի վարկային վարկանիշը մեկ աստիճանով՝ AAA-ից AA+՝ բացասական կանխատեսմամբ:





































