Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարությունում «Լույս» հիմնադրամի ուսանողների հետ հանդիպման ժամանակ մասնավորապես ասել է, որ «գիտելիքահեն հասարակություն» կառուցելու համար անհրաժեշտ է ունենալ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող կրթական համակարգ՝ ընդգծելով Հայաստանի համալսարանների միջազգային հավաստագրման անհրաժեշտությունը: ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, ԱՐՄԱԿԱԴ գիտական ցանցի հիմնադիր Խաչիկ Գևորգյանը, «Առաջին լրատվակականի» հետ զրույցում, անդրադառնալով վարչապետի հայտարությանը, ասաց, որ շատ լավ կլինի, եթե Հայաստանում միջազգային հավաստագրում անցնեն նաև տեղական բուհերը։
«Առավել ուրախալի է, որ այդ մասին բարձրաձայնում է ՀՀ վարչապետը՝ հույս և վստահություն ներշնչելով, որ այդ գործընթացն առաջինը կսկսվի Մանկավարժական համալսարանից, որի խորհրդի նախագահն է նա։ Ի դեպ, դժվար թե աշխարհում որևէ բուհ կարողանա անցնել որևէ հավաստագրում՝ առանց պատշաճ կայքէջի։ Մանկավարժական համալսարանը չունի կայքէջ, իսկ բացառությամբ մի քանի համալսարանի, մնացյալ բուհերի կայքէջերը չեն համապատասխանում որևէ չափանիշի»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ այս խնդրի լուծումը նույնպես դրված է օրակարգում։
Նրա խոսքով՝ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող կրթական համակարգ ունենալու համար hայաստանյան բուհերը գոնե մի քանի սկզբնական չափանիշների պետք է համապատասխանեն, այդ թվում՝ ունենան միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան պրոֆեսորադասախոսական անձնակազմ, որը վարձատրվում է միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան աշխատավարձով ու որոնց մասին տեղեկություն կարելի է ստանալ համալսարանների՝ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող կայքէջերից, գրադարանային ֆոնդերի թարմացում, որը հնարավոր է՝ պահանջի բազմամիլիոնանոց ներդրումներ, ներքին հնամաշ ենթակառուցվածքների փոփոխություն և համալսարաններում համընդհանուր ակադեմիական մթնոլորտի ստեղծում:
Խ.Գևորգյանի կարծիքով՝ պետք է լինեն կարևորագույն ու առաջնային քայլեր, որ մեր բուհերը համապատասխանեն միջազգային լավագույն չափանիշներին ու ստանան միջազգային հավաստագրում։
«Հայաստանում գիտությանը հատկացվող ֆինանսավորումը կազմում է ՀՆԱ 0.24 տոկոս, որով մեզ զիջում է միայն Ղրղզստանը։ Տիգրան Սարգսյանի վարչապետության երեք տարիներին գիտության ֆինանսավորման ավելացում չի նկատվել, իսկ առանց գիտության ֆինանսավորման ավելացման ու վերոնշյալ մի շարք ու բազմաթիվ այլ չափանիշների ներդրումի անհնար է Հայաստանում ունենալ գիտելիքահենք հասարակություն ու միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան բուհական համակարգ»,- ասաց Խ.Գևորգյանը։







































