Դմիտրի Պեսկովը հաստատել է Նիկոլ Փաշինյանի ապրիլի 7-ին Մոսկվա կատարելիք այցի մասին հայկական կողմի տեղեկատվությունը: Նրա խոսքով, վարչապետը բանակցություններ կվարի Վլադիմիր Պուտինի հետ:
«Ամենաբարձր մակարդակով տեղի է ունենում շատ ակտիվ երկխոսություն»,- շեշտել է նախագահի մամուլի քարտուղարը: Պեսկովն ասել է, որ հանդիպմանն առաջին հերթին նախատեսվում է քննարկել Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանագրերի կատարման ընթացքը, ինչպես նաև Անդրկովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ կապված հարցերը, որոնք վերջերս Պուտինը քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Նաև մտքեր կփոխանակվեն Հայաստանում սկսված ընտրական գործընթացների և ռուս-հայկական համագործակցության այլ հարցերի շուրջ»,- հավելել է Կրեմլի խոսնակը:
Պեսկովն ընդգծել է, որ դրանք լինելու են երկկողմ բանակցություններ Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ առանց Ադրբեջանի մասնակցության: